Armlur.am-ը հարցազրույց ունի մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Սամվե՛լ, ի՞նչը կարող է լինել յոթ տասնյակ աստղերի յութուբյան էջերի արգելափակման հիմնական պատճառը: Դուք Ձեր տարբերակը ունե՞ք:
-Ամենահավանական պատճառն այն է, որ այդ անձանց յութուբյան էջերի գործարկման ժամանակ օգտագործվել են խարդախ մեթոդներ` դիտումներ եւ հավանություններ հավաքելու համար: YouTube-ն արգելում է դրանք: Հնարավոր է նաեւ, որ YouTube-ն ավելի է լրջացրել մոտեցումները: Բացի այդ` շատերը գումար վաստակելու համար օգտագործում են միջնորդ գովազդային հարթակներ: Նման խոշորագույն հարթակներից մեկը օրեր առաջ փակվեց: Միգուցե այնտե՞ղ էլ կար խնդիր: Բայց սա ընդամենը վարկած է: Կարող է համընկնում լինել:
-Շատերն ասում են, որ գլխի չեն ընկնում` ո՞րն է իրենց էջի արգելափակման պատճառը: Սա Ձեզ արժանահավատ թվո՞ւմ է:
-Դե, իրականում չեն կարող հստակ իմանալ, քանի որ YouTube-ը մանրամասն չի բացատրում, ընդհանրական բացատրություններ է տալիս` խարդախություն, սպամ եւ այլն:
-Միանգամից 70 հոգու յութուբյան էջերի արգելափակումը Հայաստանի համար փոքր թիվ չէ: Դուք այլ երկրների պարագայում ծանո՞թ եք նման նախադեպերի:
-Ուրիշ տեղերից զանգվածային արգելափակումների վերաբերյալ տեղեկություն չունեմ, բայց 70 էջի փակումը Հայաստանի համար է մեծ թիվ, աշխարհի մասշտաբով դա մեծ թիվ համարել չես կարող:
-Ի՞նչ կարող են անել երգիչ-երգչուհիները` նման իրավիճակից դուրս պրծնելու համար:
-Պետք է բողոքարկել, բայց շանսերը քիչ են:
-Իսկ ի՞նչ անեն մյուսները` նման դեպքերից խուսափելու համար:
-Թող չվստահեն իրենց յութուբյան ալիքները մարդկանց, որոնց գործողությունները չեն վերահսկում:
-Երգչուհիներից ոմանք ասել են, որ իրենք գրանցված են «Հայ ֆանատ» էջին, սակայն չեն կարող ասել` խնդիրը «Հայ ֆանատ»-ինն է, թե՞ YouTube»-ինը:
-Որեւէ էջին գրանցվելը նման խնդիր չի կարող առաջացնել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում