▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հանդիսատեսին հումորի հարցում չես կարող խաբել կամ այսպես ասած՝ գլխառադ անել. Արման Գևորգյան

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է հումորիստ, դերասան Արման Գեւորգյանի հետ: Մեզ հետ զրույցում նա պատմել է հեռուստատեսությունից հեռանալու պատճառների, Արմեն Թադեւոսյանի հետ համագործակցության, այսօրվա հումորային դաշտի եւ առաջիկա ծրագրերի մասին:

Արման, դերասանների դեպքում լռությունը գրեթե միշտ ժամանակավոր է  լինում,  բայց Ձեր դեպքում կարծես թե         այդ դադարը շատ է  երկարում,        հետաքրքիր է՝ հեռուստատեսային  աշխատանքին չվերադառնալուն ի՞նչն է խանգարում:

Երբ դադարը երկարում է, դա դեռ չի նշանակում, որ այլևս այն ժամանակավոր չէ: Մինչ օրս այդ դադարը ժամանակավոր է, ես դեռ ողջ եմ, փառք Աստծուն: Իսկ հեռուստատեսային աշխատանքին վերադառնալը ցույց կտա նախ ժամանակը, հետո հանգամանքները և դրանից հետո էլ արդեն հետագա պլաններն ու նախագծային մտահղացումները: Յուրաքանչյուր աշխատանք՝ կապված իմ գործունեության հետ, ես կատարում եմ մեծագույն սիրով և նվիրվածությամբ, կլինի դա եթերում, թե եթերից դուրս: Այնպես որ, չի բացառվում իմ վերադարձը հեռուստատեսություն:

Գիտեմ, որ Արմեն Թադեւոսյանի հետ համատեղ «2 man show» ծրագիրն իրականացրեցիք, հետաքրքիր է՝ այն շարունակվո՞ւմ է,                                           այն   հեռուստատեսություն բերելու պլաններ չունե՞ք,  կամ գուցե Արմեն Թադեւոսյանի հետ այլ ծրագրեր ունե՞ք: 

Կյանքի կոչված հերթական ծրագրերից է նաև "2 Man Show" նախագիծը, որն իրականացրեցինք Արմեն Թադևոսյանի հետ: Իրականացավ և արժանացավ հանդիսատեսի հավանությանը: Բայց, ինչպես միշտ, պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ դեռ որոշ չափով հում է նախագիծը և ինչպես ցանկացած թե նոր, թե հին նախագիծ՝ զարգանալու, հղկվելու, եփվելու և կատարելագործվելու տեղ ունի: Մենք ամեն բան անում ենք, որպեսզի ամեն հաջորդ ներկայացումը հանդիսատեսի դատին հանձնենք մաքսիմալ հղկված և ավելի դիտարժան դարձրած: Գիտե՞ք, կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, ոչինչ չի կարելի բացառել: Ցանկացած ժամանակ անհասկանալի պատճառներով կարող է ավարտվել ամենահաջողված նախագիծը և յուրաքանչյուր վայրկյանին կրկին անհասկանալի պատճառներով կարող է սկսվել ամենաանհաջող նախագիծը: Ես բոլորի հետ իմ կյանքում սիրով և մեծ նվիրվածությամբ եմ աշխատել և աշխատում: Արմեն Թադևոսյան ընկեր-բարեկամս նույնպես բացառություն չէ: Իսկ «Man Show»-ն հեռուստատեսային տարբերակին բերելը՝ այո, կա պլաններում, բայց դա կախված է ոչ միայն մեզանից, այլ շատ ու շատ ոչ պակաս «կարևոր» հանգամանքներից: Այսինքն՝ տվյալ հեռուստատեսության տնօրինության ճաշակից, նախասիրություններից, հեռուստատեսության վերաբերյալ ունեցած գիտելիքներից, պրոֆեսիոնալիզմից և տվյալ ժամանակահատվածի պահանջներից և թելադրանքից:

Արման, հայկական հումորային ծրագրերի դաշտում դուք ունեք Ձեր տեղը,  ու  այսօր  շատ հետաքրքիր է Ձեր  կարծիքն այդ ժանրի  այսօրվա դաշտի մասին:  Ձեզ գոհացնո՞ւմ է այն, ինչ ունենք այսօր:

Այսօրվա մեր հումորային դաշտը սխալ է համարել, որ հագեցած է: Եվ չի էլ լինի ասել, որ բացարձակ չկա կամ գոյություն չունի: Դե, բնականաբար, ինչպես բոլորը, այնպես էլ ես, ունեմ հումորի որոշակի ճաշակ: Կան բաներ, որ դուր են գալիս, կան բաներ, որ ոչ: Բայց այն, որ սերնդեսերունդ հումորի ճաշակն ու մատուցման տեսակները միշտ փոփոխության են ենթարկվում՝ դա փաստ է:

Արման, շատերը քննադատում են ոլորտը, բայց չեն առաջարկում լուծման              ելքեր,  հետաքրքիր է՝ որտե՞ղ եք   տեսնում այն լուծման ելքերը,                                որոնց  հասնելիս  կունենանք ավելի որակյալ հումոր:

Յուրաքանչյուր հումորային նյութ, ինչը մատուցվում է ժողովրդին երկար ժամանակ, ենթագիտակցորեն մարդկանց մեծ մասը սովորաբար ընտելանում են և համարում են, որ դա նորմալ է: Բնականաբար, բողոքողներ և քննադատողներ նույնպես լինում են, քանի որ ազգաբնակչության մեծ մասը բարձր ճաշակ ունի: Մանավանդ հայ հանդիսատեսին հումորի հարցում չես կարող խաբել կամ այսպես ասած՝ գլխառադ անել: Իսկ վատը կա ոչ միայն հումորի ասպարեզում, այլ բոլոր ձևաչափերում, որոնք մատուցվում են էկրաններից՝ բացառությամբ 1-2 լուրջ և ինտելեկտուալ նախագծերի: Իսկ որպես լուծման ելք, ես ավել բան չեմ կարող առաջարկել առանց եթերում հայտնվելու: Լուծման ելք միայն կարող եմ առաջարկել այն ժամանակ, երբ ինքս հանդիսատեսի դատին կհանձնեմ իմ իսկ մատուցած ձևաչափն ու նախագիծը:

Արման, գիտեմ նաեւ, որ զբաղվում եք հանդիսավարությամբ,                 այդ աշխատանքը դերասանների շրջանում գնալով ավելի է մեծանում,                                  մեր երկրում այն  շահավե՞տ աշխատանք է:

Արդեն մի քանի տարի է, որ իմ փրոդաքշնի միջոցով հայաստանաբնակ և նրա սահմաններից դուրս ապրող համայն հայությանը մատուցում ենք մի շարք ծառայություններ: Ծառայություններ մեդիա ոլորտին և իհարկե ցանկացած միջոցառումների կազմակերպմանը վերաբերող: Փրոդաքշնը մինչ օրս կազմակերպել է նաև ոչ եթերային մի շարք հայտնի նախագծեր՝ համերգներ, երեկոներ, ներկայացումներ, հայտնի ֆիրմաների ապրանքատեսակների շնորհանդեսներ և այլն: Բնականաբար, առաջարկում ենք նաև ծննդյան, մկրտության, նշանադրության, հարսանեկան, մանկական և կորպորատիվ երեկոների ամբողջական և կամ մասնակի կազմակերպում՝ պատվիրատուին առաջարկելով ցանկացած ծառայություն երեկոյին կամ միջոցառմանը համապատասխան և իհարկե պրոֆեսիոնալ հանդիսավար: Այո, հիմնականում ես ինքս եմ վարում իմ կողմից կազմակերպված երեկոները: Իսկ ծառայությունների բարձր որակի և մակարդակի, պրոֆեսիոնալիզմի և մատչելի գների մասին ես ավելի լավ է լռեմ: Թող այդ մասին խոսեն հենց իրենք՝ պատվիրատուները: Վերջիվերջո հենց այնպես չէ, որ փրոդաքշնը կրում է «McArdac» անվանումը: Այո, շատ ճիշտ եք նկատել, որ դերասանների շրջանում այդ աշխատանքը ավելի լայն տարածում է գտնում: Բայց եկեք խոստովանենք, որ ոչ բոլորն են կարողանում որակ ապահովել: Իրականում դա բարդ աշխատանք է: Դա նախ պետք է կարողանալ անել և հետո նոր ձեռքը տանել խոսափողին: Եթերում երևալը  դեռ չի նշանակում, որ շոուին վերաբերող բոլոր ոլորտներում կարելի է փայլել: Բայց  եւ այնպես, եթե պատվիրատուներ ունենում են, թող լինեն, այսօր ապրելու խնդիր կա, ես չեմ, որ պետք է դեմ լինեմ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее