▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակս ցանկալի կլինի, բայց դա ինձ համար ինքնանպատակ չէ. Շուշան Երիցյան

Life.panorama.am-ը գրում է. Հունիսի 6-ին Երեւանում կկայանա «Միսս ԱՊՀ 2017» մրցույթը, որին մասնակցելու են 13 երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական փուլերում: Հայաստանից կլինեն երեք ներկայացուցիչներ՝ Արփինե Բալյանը, Մարինե Մարգարյանը եւ Շուշան Երիցյանը:

Կայքը զրուցել է Շուշան Երիցյանի հետ, ով իրեն տեսնում է հաղթողի դերում, բայց նաեւ փաստում, մրցույթում ներգրավված են բացառապես արժանի մասնակիցներ, որոնցից ամեն մեկն իր համար ֆավորիտ է:

Մրցույթը կազմակերպել են «Топ модель России» եւ «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա) եւ «Nairi Travel» տուրիստական գործակալությունը (Երևան): Միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը:

Շուշան Երիցյանը ընդգծեց, որ հիացած եւ տպավորված է մրցույթի կազմակերպիչների բարձր մակարդակով.

«Պետք է ասեմ, որ ես պարզապես չէի սպասում ու պատկերացնում, որ մեզ մոտ եվրոպական ստանդարտները գերազանցող գեղեցկության մրցույթ կարող է կազմակերպվել: Այսօր սա փաստում եմ՝ որպես մրցույթի  մասնակիցներից մեկը: Հատուկ «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի համար Հայաստան են հրավիրվել աշխարհում հայտնի մասնագետներ, լուսանկարիչներ, խարիոգրաֆներ, որոնք պարապում են մեզ հետ: Ես պարզապես հիացած եմ, նաեւ շատ ուրախ եմ մեր երկրի համար, որ այսպիսի մրցույթ ենք ունենալու, քանի որ սա նաեւ կզարգացնի տուրիզմը, շատ երկրներ եւս մեկ անգամ կկենտրոնանան Հայաստանի վրա, կծանոթանան մեր մշակույթին ու պարզապես կլսեն մեր պետության մասին»,- նշեց Շուշան Երիցյանը՝ հավելելով.

«Ի դեպ՝ հատկանշականն այն է, որ մրցույթի շրջանակներում պարբերաբար շրջագայություններ է կազմակերպվում Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր, թանգարաններ, որի արդյունքում տարբեր երկրների ներկայացուցիչներ ծանոթանում են մեր պատմամշակութային արժեքներին, սրան զուգահեռ նաեւ այդ ամենը լուսաբանվում է իրենց երկրների լրատվամիջոցների կողմից»:

Մասնակից 25 աղջիկները նախաճաշից սկսած մինչ ուշ երեկո հստակ սահմանված ծրագրով են առաջնորդվում, մասնակցում են փորձերի ու գերծանարբեռնված գրաֆիկով պատրաստվում մրցույթին:

Շուշան Երիցյանը նկատեց, որ մրցույթում իր հաղթանակը  երկրորդական է դասում, փոխարենն՝ իր համար արդեն իսկ հաղթանակ է համարում, որ այս մրցույթն իրականացվում է Հայաստանում, եւ տարբեր երկրների ներկայացուցիչներ այսօր այստեղ են:

«Հաղթանակս ցանկալի կլինի, բայց դա ինձ համար ինքնանպատակ չէ: Պետք է հաշվի առնել նաեւ կարեւոր մի հանգամանք.  Ժյուրիի կազմում են ոլորտի 11 մասնագետ՝ 3-ը՝ Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից եւ 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Վստահ եմ, որ արդարացի որոշում է կայացվելու, ոչ մի կեղծիք կամ սարքովի մի բան հաստատ չի լինի «Միսս ԱՊՀ 2017» մրցույթում: Ես չեմ կասկածում, որ հաղթողը լինելու է ամենաարժանին, ով ժյուրիի կազմի համար լավագույնն է համարվելու»,- նշեց նա:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее