Այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով նրան, որ րոպեներ առաջ Տարոն Սիմոնյանը հայտարարել էր, որ ուրախ է, որ «Իմ քայլի» գործընկերները վերադարձել են հայամետ քաղաքականության, հայտարարել է, որ ափսոսում է, որ այդ խմբակցությունից ընդամենը մեկ կին պատգամավոր է նստած դահլիճում, բայց հույս ունի, որ պարոն Տարոն Սիմոնյանն իրեն կլսի:
«Պարոն Տարոն Սիմոնյան և որոշ իր գործընկերներ, դուք ձեզ ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք, թե որտեղից ինչ եք խոսում: Ինչքա՞ն կարելի է գալ, կանգնել այս ամբիոնում, անել անպատասխանատու հայտարարություններ, խոսել հայանպաստությունից, բայց լինել ամենա անհայանպաստ հայտարարություն անողները: ԱԺ մեծամասնության պատգամավորները խոսում են օրինակ, Ղազանչեցոց եկեղեցու մասին, իսկ դուք որ չէիք հերթագրվել և չխոսեցիք, գալիս այստեղ ասում եք՝ ուրախ եք, որ իշխող մեծամասնությունը վերադարձել է հայանպաստ թեմաներից: Ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք ձեզ, թե որտեղ եք խոսում և ինչ եք խոսում: Ի տարբերություն ձեզ, իշխող մեծամասնությունն ունի պատասխանատվություն ՀՀ-ի նկատմամբ, մեր գերեվարվածների նկատմամբ և գիտի որտեղ և ինչ հայտարարություն անի, այլ ոչ գա էստեղ և խոսի իշխող մեծամասնության հայանպաստությունից:
Հավաքեք ձեզ, իմացեք որտեղ եք խոսում, ինչ հայտարարություններ եք անում»,- նշել է նա: