Ս/թ փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Հատուկ գնդի վետերանների» Հ/Կ վարչության նիստ: Վարչությունը քննարկելով առաջիկա ԱԺ ընտրությանը մասնակցելու հարցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրված դաշինքներից մեկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Արցախյան ազատամարտում իր ծանրակշիռ ներդրումն ունեցող, բանակաշինության ակունքներում կանգնած և այժմ էլ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներով մտահոգ ու դրանց լուծումներն առաջարկող մեր մարտական ընկերը՝ Սեյրան Օհանյանը, ինչպես նաև նկատի առնելով այն հանգամանքը, որ «Ազատամարտիկների դաշինք»-ը ևս հայտարարել է միանալու միասին:
Որոշեց. իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Միաժամանակ կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, վետերանական Հ/Կ-ներին իրենց աջակցությունը բերելու վերոնշյալ դաշինքին:
«Հատուկ գնդի վետերանների» Հ/Կ վարչություն
Այս հայտարարությանն արձագանքելով՝ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հատուկ գնդի հարգելի’ վետերաններ, ազատամարտիկներ՝ իմ թա՛նկ եղբայրներ
Այսօր հպարտությամբ և հուզմունքով կարդացի Ձեր որոշումը՝ «Հատուկ գնդի վետերանների» ՀԿ հայտարարությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միանալու մասին:
Քաղաքական պայքարում, ինչպես և մարտում, շատ կարևոր են ոգին, վստահությունն ու հավատը սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ։
Միասնությունը ուժ է։ Եվ ինչպես միասին կերտել ենք հաղթանակը Արցախյան գոյամարտում, այնպես էլ միասնական բարեկեցիկ, արժանապատիվ ապագա ենք կառուցելու մեր ժողովրդի համար։
Շնորհակալ եմ, տղե՛րք։
Հարգանքով՝ Սեյրան Օհանյան


