Hraparak.am-ը գրում է.«Գրական տապան» միջազգային փառատոնի փակվելու մասին խոսակցություններն սկսվեցին դեռ վաղ գարնանից, մշակույթի նախարարության կողմից ֆինանսական հատկացումն ուշանում էր, ըստ այդմ՝ ուշանում էին նաեւ փառատոնի կազմակերպչական աշխատանքները։ Փառատոնի լինել-չլինելու մասին խոսակցություններին երկու շաբաթ առաջ պաշտոնապես արձագանքեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ նշելով, որ փառատոնի գոյություն ունեցող ձեւաչափը չի բավարարում իրենց, իսկ նոր ձեւաչափի մասով քննարկումներ է անցկացնում տարբեր շահագրգիռ կազմակերպությունների ու մարդկանց հետ։ «Կանենք մի բան, որը նման կլինի նախորդ արածներին, բայց դա «Գրական տապանը» չի լինի»,- ասել էր Ամիրյանը։ «Գրական տապան» փառատոնի բովանդակային մասի պատասխանատու Դավիթ Մաթեւոսյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ փառատոնի լինել-չլինելու հարցն այս պահին 2 հասցեատեր ունի, մեկը մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանն է, մյուսը մշակույթի նախկին նախարար, փառատոնի հիմնադիր Հասմիկ Պողոսյանն է, ով 2001-ին հիմնված փառատոնի գաղափարի հեղինակն է եւ այդ ժամանակ հանդիսանում էր ԱՕԿՍ-ի գործադիր տնօրենը։ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին մի քանի գրավոր հարց ուղղեցինք փառատոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ․
- Տիկին Պողոսյան, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վերջերս մեզ հետ զրույցում ասաց, որ հնարավոր է «Գրական տապան» միջազգային փառատոնն այլեւս չլինի, քանի որ գոյություն ունեցող ձեւաչափը չի բավարարում իրենց։ Ինչպե՞ս է ստացվում, որ 2001-ից իրականացվող փառատոնը, որին նախարարությունը Ձեր օրոք տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, հանկարծ դառնում է ոչ արդյունավետ։ Ո՞րն է Ձեր մոտեցումն այս հարցի նկատմամբ։
- Այս հարցի նկատմամբ մոտեցում կամ կարծիք կունենայի, եթե տեսնեի նախարարության դիրքորոշումը հաստատող որեւէ հիմնավորում։ Չեղած հիմնավորմանը գնահատական տալ չեմ կարող։ Սակայն Ձեր նշած «ոչ արդյունավետ»-ին ի պատասխան կցանկանայի մի քանի թվեր ու փաստեր բերել. 2011-2016 թվականներին իրականացրել ենք 8 փառատոն, որին մասնակցել են 35 երկրներից 116 գրողներ։ Նրանց հայաստանյան այցից հետո ստեղծվել է տարբեր ժանրերի 124 ստեղծագործություն` 16 լեզուներով, որոնք թարգմանվել են հայերեն եւ տպագրվել 6 ժողովածուներով: Սրանցից էլ կազմվել է ընտրանի, որը թարգմանվել է ռուսերեն եւ անգլերեն ու տպագրվել մեկական ժողովածուներով: Հիշեցնեմ, որ այս բոլոր ստեղծագործությունները նվիրված են Հայաստանին, հային, հայոց պատմությանն ու մշակույթին։ Սրան զուգահեռ, հայերեն թարգմանվել ու հրատարակվել են այսօր աշխարհում հայտնի, բեսթսելերների հեղինակ դարձած ու նաեւ մեր փառատոնի հյուր-գրողների` Յանուշ Վիշնեւսկու, Մարսելա Փոլեյնի, Լյուբիցա Միլետիչի, Մարկ Մուստյանի, Կլաուդիո Պոցանի գրքերը։ Փառատոնի ընթացքում գրողները դասախոսություններ, հանդիպումներ, վարպետության դասեր են անցկացրել ոչ միայն Երեւանի, այլ նաեւ մարզերի ու Արցախի բուհերի ուսանողների համար։ Պետք է նշեմ նաեւ, որ վեց փառատոների ընթացքում օտարազգի գրողների կողքին ու նրանց հետ Հայաստանում ապրել, շփվել, քննարկել, բանավիճել ու նրանց հետ ընկերացել են հայ գրողները (Նշան Աբասյան, Դիանա Համբարձումյան, Վահրամ Մարտիրոսյան, Մարինե Պետրոսյան, Խաչիկ Մանուկյան, Արմենուհի Սիսյան եւ էլի շատերը)։ Սրանք կապեր են, որոնք անհետեւանք չեն մնում։ Հենց այս ընկերության, միմյանց ճանաչելու արդյունքն է դարձել «Գրական տապանի» հայ գրողների մասնակցությունը Ջենովայի, Բեռլինի պոեզիայի, Թբիլիսիի գրականության, Մոլդովայի «Ակցենտ» գրական, ինչպես նաեւ Ռումինիայի «Կուրտեա դե Արգեշի բանաստեղծական գիշերներ» պոեզիայի միջազգային փառատոներին։ Հիշեցնեմ, որ «Գրական տապանը» չի սահմանափակել իր գործունեությունը միայն Հայաստանում։ Տարբեր տարիներին փառատոնի մասնակից-օտարազգի գրողները Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառների հայկական տաղավարներում ընթերցել են իրենց ստեղծագործությունները Հայաստանի մասին։ Սրանք առանց զգացմունքային ֆոնի, առանց վերամբարձ ու պաթետիկ մեկնաբանությունների մեջբերված թվեր ու փաստեր են, որոնք գալիս են հակադարձելու Ձեր վերոնշյալ «ոչ արդյունավետ» ձեւակերպմանը եւ նախարարությանն այլեւս «չբավարարող ձեւաչափ» արտահայտությանը։
Շարունակութոյունը՝սկզբնաղբյուր կայքում


