Ոչ մեկի համար նորություն չէ, որ այսօր համացանցը մեր առօրյայի անբաժան մասն է կազմում, շատերը նույնիսկ իրենց օրը չեն պատկերացնում առանց այս կամ այն սոցիալական ցանցի: Մարդիկ սոցիալական ցանցերում կիսվում են իրենց կյանքի որևէ իրադարձության լուսանկարներով, հաճախ ներկայացնում են այն, թե ինչ են զգում կամ մտածում այդ պահին` երբեմն անցնելով անձնական տարածքի սահմանները:
Այս առումով, Instagram-ի story հատվածը, կարծես թե, խնդրին որոշակի լուծում է տվել, քանի որ գաղտնիք չէ, որ այս հատվածում տեղադրված լուսանկարներն ու տեսանյութերը պահպանվում են ընդամենը 24 ժամ: Սակայն ՀՀ վաստակավոր արտիստ Արամեի կինը` երգչուհի Աննա Թովմասյանը, կարծես թե, սոցիալական ցանցի ընձեռած այդ հնարավորությունը բոլորովին այլ նպատակներով է օգտագործում: Վերջինս գրեթե ամեն օր իր պարտականությունն է համարում իր հետևորդներին և երկրպագուներին տեղեկացնել, թե այդ օրը իրենք ինչ են ուտելու իրենց տանը: Ստորև ներկայացված լուսանկարները ասածիս լավագույն ապացույցն են, իսկ դրանք հավաքելու համար ինձանից պահանջվեց ընդամենը մի քանի օր (լուսանկարների շարքն անսպառ է):
Հետաքրքիր է` երգչուհին սրանով ուզում է ցույց տալ իր խոհարարական հմտություննե՞րը, թե՞ մտածում է, որ իր առաքելությունն է իր հետևորդներին օգնել կողմնորոշվելու այդ օրվա ճաշացանկի հարցում: Հարգելի Աննա, այն մարդը, ով պետք է գնահատեր Ձեր խոհարարական հմտություններն ու այդ ասպարեզում Ձեր ունեցած գիտելիքները, վաղուց արդեն գնահատել է, խոսքս Ձեր ամուսնու մասին է: Երկրորդ տարբերակը, թերևս, ավելի հավանական է, չնայած այս դեպքում Դուք արդեն պարտավոր կլինեք ամեն օր նման տեսանյութեր հրապարակել, որպեսզի Ձեր և Ձեր ճաշատեսակների բաղադրատոմսերի հույսին մնացած մարդիկ թեկուզ մեկ օր քաղցած չմնան:
Հարգելի Աննա, Ձեր սուրբ պարտքը մի համարեք ամեն օր հանրությանը տեղյակ պահել, թե ինչ եք ուտում Ձեր տանը. դա ոչ միայն հետաքրքիր չէ, այլև նյարդայնացնող է: Այս ամենը սովորական մարդու դեպքում, բնականաբար, բարձրաձայնելու իմաստ չէր ունենա, սակայն մի մոռացեք, որ Դուք հանրային մարդ եք, ով մշտապես ուշադրության կենտրոնում է:
Հեղինակ` Ա. Գ.