«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ն ինչպես ամեն, այնպես էլ այս տարի Ամանորի նախաշեմին հարցումներ է իրականացնում՝ փորձելով պարզել, թե հայերը ինչպե՞ս են պատրաստվում Նոր տարվան, ի՞նչ ակնկալիքներ ունեն և այլն:
Պարզվել է՝ 89 տոկոսը պատրաստվում է Ամանորը տանը դիմավորել, 3 տոկոսը՝ երկրից դուրս, ռեստորանում, սրճարանում՝ 2 տոկոս, բարեկամի, ընկերոջ տանը՝ 3, քաղաքից դուրս՝ 2:
Հարցին, թե ե՞րբ են սկսում կատարել ամանորյա գնումները, քաղաքացիների 55 տոկոսը պատասխանել է՝ վերջին 10 օրվա ընթացքում:
Ո՞ւմ համար եք նվերներ գնում հարցմանն էլ 27 տոկոսն ասել է, որ ընկերների, 14-ը՝ կոլեգաների, 36 տոկոսը՝ բարեկամների, 81 տոկոսը՝ ընտանիքի անդամների:
Իսկ, թե ի՞նչ նվեր կցանկանային ստանալ կամ նվիրել, 7 տոկոսը նշել է, որ սմարթֆոն կնվիրի, 14 տոկոսն էլ սպասում է հենց այդ պահին, 36 տոկոսը նշել է, որ հագուստ կամ կոշիկ է գնելու, 15 տոկոսն էլ դա է սպասում: Գիրք է պատրաստվում նվիրել երևանցիների 9 տոկոսը, 6 տոկոսն էլ դա է ակնկալում:
Միայն ավտոմեքենա ցանկացել է ստանալ հարցվածների 9 տոկոսը, բնակարան՝ 1, 5 տոկոսն էլ՝ կենցաղային տեխնիկա:
Հարցին, թե ի՞նչ են պատրաստելու Ամանորին, քաղաքացիների 66 տոկոսն ասել է՝ տոլմա, 57 տոկոսը՝ խոզի բուդ: Ցուցակում հաջորդը նրբաբլիթը, քյուֆթան, հնդկահավը, ձուկն ու խորովածն են:
Աղցաններից էլ առաջատարը «Մայրաքաղաքայինն» է: Այն պատրաստելու է քաղաքացիների 74 տոկոսը: Սրան հաջորդում են հավի կրծքամսով, բազուկով, սնկով սալաթները: Չեն մոռացել «Թաբուլե»ի ու «Կեսար»-ի մասին:
Թխվածքների դեպքում էլ նախապատվությունը տվել են գաթային՝ 53 տոկոս: Սրան հաջորդում են «Փախլավան», «Նապոլեոնը», «Էկլերը», «Միկադոն», «Տղամարդու իդեան», «Էսկիմոն», «Մրջնաբույնը»:
Նշենք, որ երևանցիների շրջանում կատարված հարցումներն անցկացվել են դեկտեմբերի 7-19-ը, մասնակցել են 800-ը:
Անի Կարապետյան


