ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․ «Մենք այսօր չենք բացելու բոլոր փակագծերը, բայց պարտավոր ենք ասել՝ մեր շնորհակալությունը անսահման է բոլոր նրանց, ովքեր այս վեց ամիսների ընթացքում մնացին մեր կողքին մինչև վերջ։ Դուք չդավաճանեցիք, չվախեցաք, չլռեցիք։
Այս վեց ամիսների ընթացքում մեզ փորձեցին ջարդել ամեն ձևով․ կեղտոտ բամբասանքներ, կեղծ մեղադրանքներ, կազմակերպված սադրանքներ, և ամենազազրելի՝ թիկունքից հարվածներ մարդկանց կողմից, որոնց մենք երբևէ վստահել ենք։ Նրանք փորձեցին խարխլել մեր միասնականությունը, կոտրել մեր հավատը, բայց ամեն անգամ մոռացան մեկ բան՝ մենք ծնված ենք պայքարելու, ոչ թե հանձնվելու համար։
Այո՛, եղան անքուն գիշերներ, վտանգավոր ու ծայրահեղ ծանր օրեր։ Բայց ամեն հարված մեզ միայն ավելի ամուր դարձրեց։ Ամեն փորձ՝ մեզ լռեցնելու, միայն ավելի բարձրացրեց մեր ձայնը։ Մենք չենք փախչել, չենք վաճառվել, չենք դավաճանել։ Մենք մնացինք հավատարիմ Վարդան Ղուկասյանի կողքին մինչև վերջ, և մնալու ենք մինչև վերջնական հաղթանակը։
Այն հարցերը, որոնք դեռ մնացել են անպատասխան, այդ պատասխանները դուք կլսեք ոչ թե ուրիշներից, այլ հենց Վարդան Ղուկասյանի շուրթերից։
Մենք առաջ ենք շարժվելու՝ առանց հետ նայելու, առանց վախի, առանց կանգ առնելու։ Որովհետև սա պարզապես պայքար չէ՝ սա պայքար է ճշմարտության, արդարության և ապագայի համար»։