Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները շարունակում են բուժում ստանալ Հայաստանում, սակայն արտերկիր մեկնելու կարիք կա: Պայմանագրային զինծառայող Հայկ Սեխլիյանը, ով Թալիշում ստացել է ողնաշարային վիրավորում, ներկա պահին բուժում է ստանում Համալսարանական կլինիկական N1-ին հիվանդանոցում, սպասում է արտերկիր՝ Գերմանիա մեկնելու հնարավորությանը:
«Սկզբում չէի զգացել ոտքերս, բայց հիմա, փառք Աստծո, բժիշկների օգնությամբ կամաց-կամաց սկսել եմ քայլել: Ծախսերի որոշ մասը պետությունն է հոգում, մյուսը՝ բարերարները, մնացածն էլ մենք: Շատ հարցեր կան, որոնց ուշադրություն չի դարձնում պետությունը։ Կարելի է ասել՝ բաց են թողել, ես ապրում եմ Աջափնյակ համայնքում, ամուսնացած եմ, ունեմ երեխա, վարձով եմ ապրում, բայց բուժում ստանում եմ Առաջին հիվանդանոցում։ Գնալ-գալն արդեն մեծ խնդիր է առաջացնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Սեխլիյանը՝ հավելելով.
«Ես պետությունից ոչ մի բան չեմ սպասում, ես չեմ գնացել կռիվ, որ պետությունն ինձ ինչ-որ բանով օգնի։ Պետությունից մեր միակ խնդրանքը, որ ուշադրություն դարձվի, ուղարկեն բուժումների կամ ժամանակին վիրահատություններն արվեն»։
Հայկ Սեխլիյանը չի մոռանում շնորհակալություն հայտնել իր հրամանատարներին, որոնց ջանքերով շարունակում է ծառայել Հայրենիքին.
«Կուզեի, որ բոլորի նկատմամբ էլ ուշադիր լինեին: Շատ մարդիկ կան, որոնք քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորվել ու կորցրել են աշխատանքը: Պետությունը առաջին կարգի հաշմանդամներին տրամադրում է 93 000 դրամ թոշակ, բայց էդ մարդն ամուսնացած է, ընտանիք ունի, ինչպե՞ս լուծի կենցաղային հարցերը, 1000 հարց կա»,-ընդգծեց Հայկ Սեխլիյանը:
Դանիել Դավթյանն էլ, ում զորացրվելուն 1 ամիս էր մնացել, վիրավորել է Մատաղիսում: Գլխուղեղի բեկորային վնասվածք է ստացել: Հիմա վերականգնողական փուլում է գտնվում: 2 բեկոր կա, դրանք պետք է հեռացնեն:
Անի Կարապետյան


