Հունվարի 5-ի գիշերը Բրյուսելի Սհարբեք թաղամասում գտնվող հայկական «Սահակյան միության» շենքի վրա անհայտ անձինք կրակ են արձակել և դիմել փախուստի: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Agos» թերթը:
Հարձակման հետևանքով վնասվել են շենքի դուռն ու պատուհանները: Զոհեր ու վիրավորներ չկան: Կազմակերպությունը ներկայումս փակ է, սակայն շուտով կվերաբացվի:
Աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը կարող էր իրականացված լինել ազգայնամոլական հողի վրա, քանի որ թաղամասը հիմնականում թուրքաբնակ է: Այստեղ ապրում են Թուրքիայից գաղթած քաղաքացիներ, որոնք տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց ազգայնամոլական գործունեությամբ: «Agos»ը հիշեցնում է, որ 6 տարի առաջ այստեղ հարձակման էին ենթարկվել հայկական և ասորական կազմակերպությունները: Իսկ տեղի թաղապետը ազգությամբ թուրք Էմիր Քիրն է, ով մի քանի անգամ քրդերին արգելել էր թաղամասում ցույցեր կազմակերպել: «Սահակյան միությունը» վրա հարձակումը իրականացվել է Սուրբ Ծննդյան նախօրեին, ինչը պատահական չէ: Դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:


