top-news.am-ը գրում է. Հայաստանում այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել, որ բոլոր պետական հիմնարկները, կարծես, խնդիր են դրել հունից հանել, նյարդայնացնել ՀՀ քաղաքացուն: Բացառություն չի կազմում նաեւ Հանրային հեռուստաընկերությունը:
Օրերս «Ucom»-ը տեղեկացրեց, որ նույն Հանրային հեռուստաընկերության պահանջով UEFA EURO 2016-ի խաղերը հասանելի չեն լինի ընկերության կողմից տրամադրվող այլ հեռուստաալիքների միջոցով։
Ստիպված ֆուտբոլասերը Եվրոպայի առաջնությանը հետեւում է Հանրային հեռուստաալիքով: հետեւում է եւ քայքայում նյարդերը: Պատահական չէ, որ շատերը խաղերը ստիպված դիտում են հեռուստացույցի ձայնն անջատած, իրենց զրկելով մարզադաշտի մթնոլորտից, միայն թե չլսեն մեկնաբանների անհեթեթությունները:
Հավատացեք, նրանք շատ ճիշտ են անում: Երբ փորձեցինք Պորտուգալիա-Իսլանդիա հանդիպումը դիտել առանց ձայնն անջատելու, ենթարկվեցինք իսկական կտտանքների: Նախ մեկնաբանը ոչ ֆուտբոլի ռազմավարությունից էր հասկանում, ոչ մարտավարությունից: հայերենի իմացությունը հեռու էր բավարար լինելուց:
«Ռոնալդուն աշխարհում հայտնի է իր սիմուլյանտությամբ», «Գուցե իսլանդացիները չբավարարվեն 0:1 հաշվով եւ անցնեն գրոհների», «Իսլանդացիները Ռոնալդուին եւ իր ընկերներին կխանգարեն, եթե նրանք փորձեն գրավել սեփական դարպասը», «Իսլանդացիները երկրորդ խաղակեսում տիրում են նախաձեռնությանը»: Սրանք ընդամենը մի քանի մեջբերումներ են: Եւ ինչպես կարող է հեռուստադիտողը այս ամենը լսելուց հետո չքայքայել նյարդերը եւ չանջատել հեռուստացույցի ձայնը:
Հիմա հեռուստադիտողները, ֆուտբոլասերները համոզված են, որ Հ1-ը Ucom-ին արգելել է այլ ալիքներով ցուցադրել հանդիպումը, որ ժողովուրդն ավելի նյարդայնանա, հիասթափվի մեր երկրից եւ բռնի արտագաղթի ճանապարհը:
Եւ եթե դու չունեց խաղերը նորմալ որակով հեռարձակելու հնարավորություն, չունես ներմալ մեկնաբաններ, հնարավորություն չունես այդ նորմալ մեկնաբաններին գործուղել Ֆրանսիա, ապա մեղմ ասած, անբարոյականություն է այլ ալիքներն արգելափակելը: Քանի դեռ ուշ չէ սթափվեք եւ մի շարունակեք կտտանքի ենթարկել ֆուտբոլասերներին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում