ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները շարունակում են դժգոհել քաղաքում տարածված գարշահոտությունից: Արարատյան դաշտում ավելացել են արտեզյան հորերը: Արդյունքում քաղաքի դրենաժային համակարգի խոշոր հորերը, որոնք նախկինում օգտագործվել են ճահիճները չորացնելու համար, հիմա ցամաքել են, դրանցով ջուր չի հոսում, փոխարենը կոյուղիներն են լցվում այնտեղ, ինչից էլ առաջացել է բաց կոյուղային համակարգ:
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի խոսքով՝ Հանրապետությունում սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը:
-Մենք գործ ունենք հողի աղտոտման հետ, որի վերականգնումը ֆինանսական մեծ ռեսուրսների հետ է կապված: Իրավագիտակցական և գյուղատնտեսական մշակույթը գտնվում է այն վիճակում, որ մարդիկ կարող են իրենց թույլ տալ հանցագործություն գործել՝ չվերամշակված կոյուղաջրերն օգտագործելով ոռոգման նպատակով: Պետք է իմանալ, որ կոյուղաջրով, արտաթորանքով ոռոգումը բացասական ազդեցություն է թողնում պտուղ-բանջարեղենի անվտանգության վրա: Սա բազմաթիվ կենսաբանական վտանգներ է պարունակում: Կարող են մակաբուծային հիվանդություններ տարածվել, վարակներ, իսկ մետաղների ազդեցության հետևանքներն ավելի ուշ են պարզվում: Դրանք կարող են առողջական բազում խնդիրներ առաջացնել, այդ թվում և ուռուցքներ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Պիպոյանը՝ հավելելով.
-Մեր գյուղական համայքներում այսօր ունենք տարրական գրագիտության մակարդակի բացակայություն: Դա վերաբերում է ոչ միայն կեղտաջրերով ոռոգում կատարողներին, այլև նրանց, ովքեր գյուղատնտեսական հողակտորները մշակում են լեռնահանքային ազդեցության գոտում՝ պոչամբարների կողքին, չգիտակցելով, թե ծանր մետաղներն ինչ ազդեցություն են թողնելու մարդու օրգանիզմի վրա:
Նշենք, որ Մասիսի խնդրով Բնապահպանության և Առողջապահության նախարարություններին նամակ էր գրել նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ հորդորելով լուծում տալ խնդրին, գտնել մեղավորներին:
Անի Կարապետյան


