Կառավարության 2017-2022 թ-ի ծրագիրը «Ելքի» և ՀՀԿ-ի բուռն վիճաբանությունից հետո դրվեց քվեարկության:
Նախ «Ելքը» ՀՀԿ-ին հորդորեց չհամեմատել իրենց հետ և նշեց, թե երազում են գիշեր-ցերեկ տեսնել «Ելքին» պառակտված: «Մեր դարդով ու ցավով մի տապակվեք»,-ասաց Էդմոն Մարուքյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց. «Մի փոքր համբերեք, մինչև 18 թվական»: Վարման կարգով ձայն խնդրեց «Ելքից» Գևորգ Գորիսյանը . «Պարո՛ն Բաղդասարյան, ի տարբերություն ձեզ, մեր նորընտիր պատգամավորները մասնակցել են քարոզարշավին և ունեն հեղիանակություն և իրենց վստահված ձայներով են ընտրվել, մենք քայլել ենք պադյեզդներով և չենք վախենում»,-ասաց նա:
Վարման կարգով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց հանդարտեցնել կրքերը. «Հանգիստ, բոլորս էլ ունենք ժողովրդի վստահությունը և ընտրվել ենք, որ ծառայենք ժողովրդին, եկեք, ծառայենք»,-ասաց նա և հորդորեց քվեարկության կարգի մասին խոսել, ոչ թե ցույց տալ, թե ով ինչ է ու ինչ ունի:
Շարմազանովի խոսքից հետո, Կառավարության 2017-2022 թ-ի ծրագիրը դրվեց քվեարկության և ընդունվեց 64 կողմ և 31 դեմ քվեարկությամբ:


