Ռուսաստանն օգտագործել է վետոյի իրավունքը ՄԱԿ ԱԽ-ում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի դեմ, որը դատապարտում է քիմիական զենքի կիրառումը Սիրիայում ու դրանով իսկ արդեն ութերորդ անգամ արգելափակել ՍԻրիայի մասին բանաձեւը, բայց Չինաստանը, որը մինչ այդ միշտ համերաշխ է եղել Ռուսաստանի հետ, այս անգամ ձեռնպահ է մնացել, հայտնում է Անդրե Բալենը՝ գերմանական Handelsblatt թերթում։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը քննադատել է բանաձեւը ու դա անվանել սադրանք՝ հայտնելով, որ փաստաթուղթը տեղի ունեցածի պատասխանատվությունը սիրիական կառավարական զորքերի վրա է բարդում։ «Բայց Սաֆրոնկովի ելույթը շատ անսովոր էր դիվանագետի համար։ Ու չնայած ԱԽ-ում սովորել են նման սուր արտահայտությունների, անձնական հարձակումները այնտեղ ծայրաստիճան հազվադեպ են»,- նշում է հոդվածագիրը, հիշեցնելով, որ Սաֆրոնկովը զայրացել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայկրոֆթի վրա, որը Ռուսաստանին մեղադրել էր վետոյի իրավունքը չարաշահելու մեջ ու Ասադին անվանել մարդասպան ու հանցագործ։
Մասնավորապես Սաֆրոնկովը «դու»-ով էր դիմել Ռայքրոֆթինու ասել «Ինձ նայիր, աչքերդ մի հեռացրու, ի՞նչ ես աչքերդ հեռացնում» ։ Լոնդոնի հասցեին այլ մեղադրանքների հոսքից հետո Սաֆրոնկովը սպառնացել էր Ռայնքրոֆթին «Չհամարձակվես այլեւս վիրավորել Ռուսաստանին» ։
Տվյալ դեպքում Սաֆրոնկովի կողմից «դու» դերանվան գործածումը ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական լկտիություն, գրում է հեղինակը։ Այդուհանդերձ, Սաֆրոնկովի ելույթը չհասավ ՄԱԿ ԳՎ-ի առաջ կոշիկով հարվածելու՝ խրուշչովյան հայտնի դեպքին», ասվում է հոդվածում։
Մոսկվայում այդ կոպտության համար Սաֆրոնկովին, հակառակը, գովեցին։ «Վերջերս դա կարծես նոր միտում է դարձել ռուսական դիվանագիտության մեջ»,- շեշտում է Բալենը, օրինակ բերելով Ռուսաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Մարիա Զախարովային, որը հայտնի է իր սուր լեզվով։ Քաղաքական ընդդիմախոսներին նա հաճախ է անվանում ֆաշիստներ ու հայտնում, որ մարդիկ, որոնք «մանիպուլացնում են Կարմիր բանակի զինվորների հիշատակը, օգտվում են այն հանգամանքից, որ նրանց մեծ մասն արդեն չի կարող նման բառերի համար նրանց մռթին հասցնել»։ Իսկ թոք շոուներից մեկի ժամանակ Զախարովան հետեւյալ ձեւակերպմամբ է խոսքի իրավունք խնդրել «Թույլ տվեք ասեմ։ Հակառակ դեպքում դուք հիմա իրոք կլսեք, թե ինչ է ռուսական «Գրադը»։ Բայց այդ կնոջ ամենասիրելի թեման ԱՄՆ կառավարության հասցեին վիրավորանքներն են։
«Հենց Զախարովայի պաշտոնակալությունից հետո նկատելի դարձավ, որ ԱԳՆ-ն սպառազինվել է նոր լեզվական ոճով, դա է հաստատում նաեւ վերջերս Սերգեյ Լավրովի ձայներանգը իր քաղաքական ընդդիմախոսների հասցեին», նկատում է հեղինակը։ Երկու տարի առաջ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին նա արձագանքել էր «դեբիլներ» շշնջալով։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի ընդունելության ժամանակ էլ ամերիկյան լրագրողներին էր կոպտել։
«Այս ամենը միայն առաջին հայացքից է զարմանալի ։ Ի վերջո Պուտինն էլ է երբեմն սիրում կոպիտ արտահայտություններ։
Ժամանակին Պուտինը ընդդիմադիր լրագրողին խորհուրդ էր տվել թլպատել իրեն։ Կրեմլի ղեկավարի բարձր վարկանիշի ֆոնին կոպիտ արտահայտությունները բնակչության շրջանում միավորներ վաստակելու ստուգված միջոց են թվում, դրա համար էլ բազմաթիվ չինովնիկներ որդեգրել են այդ ոճը»։


