ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացմանը:
Նախքան հանձնարարականին անցնելը վարչապետն ընթերցեց անվանումը՝ «Տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացման վերաբերյալ» ու զարմացած արձագանքեց. «Վերնագիրը հետաքրքիր է՝ հանցագործությունը ապաքրեականացնել»:
Վարչապետի խոսքով՝ 2017 թվականի փետրվարին, Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում՝ ապաքրեականացվեց 2 մլն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարները չկատարելու համար նախատեսված նորմը, այն բարձրացնելով մինչեւ 4 մլն դրամի, ինչպես նաեւ հստակեցվեցին այդ արարքների համար քրեական պատասխանատվության հիմքերը։
Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաեւ գործարարների հետ քննարկումների արդյունքում, ըստ Կարեն Կարապետյանի, առաջացել է՝ քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտություն։
«Միջազգային լավագույն փորձում առկա քրեաիրավական զարգացումները եւս ընթանում են այդ ուղղությամբ, հիմք ընդունելով այն, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան, ինչպես նաեւ դրանց իրավական այլ մեխանիզմների միջոցով արձագանքելու հնարավորությունը»,- ասաց վարչապետը:
Ելնելով վերոնշյալից՝ գործադիրի ղեկավարը հանձնարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Արդարադատության նախարարներին ինչպես նաեւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին երկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան եւ առկա է դրանց վարչական վարույթի, քաղաքացիական դատավարության շրջանակներում լուծման արդյունավետ հնարավորությունները։
Վարչապետի ևս մեկ հանձնարարականի մասին՝ ստորև ներկայացվող տեսանյութում.
Կարդացեք նաև՝ Բանկերն ու մաքսային մարմինները տոներին հերթապահություն կսահմանեն


