Շաբաթ և կիրակի օրերին համացանցը ողողված էր ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գրառման վերաբերյալ քննարկումներով:
Հիշեցնենք, որ վիրավոր զինծառայողներից մեկին օգնելու հարցով նա կոչ էր արել մասնակցել դրամահավաքին:
Օգտատերերից Սամվել Հայրապետյանը հետաքրքրվել էր՝ «1000 դրամները, որ ամեն ամիս բոլորս տալիս ենք, ինչի՞ այդ գումարներից չեք հատկացնում»:
«1000plus.am-ում ամեն ինչ բացատրված է: Այն տարածվում է միայն 2017թ. հունվարի 1-ից տեղի ունեցած դեպքերին։ Ալբերտի դեպքն առանձին վերաբերմունքի կարիք ունի»,- գրել էր նախարարը:
Լրագրող Կարպիս Փաշոյանն իր գրառման միջոցով ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, ըստ որի «ոչ ոք չի ասում, թե չպետք է օգնել, իհարկե պետք է: Բայց այդ բարեգործություն կոչվածը չպետք է ինստիտուտի կարգավիճակ ստանա՝ ետին պլան մղելով պետության կողմից ստանձնած պարտավորությունները». «Պետություն երբեք չենք դառնա, քանի դեռ փոխհարաբերման առաջնային կերպն ադաթներն են ու կրիմինալը, իսկ կենսունակ միակ ինստիտուտը՝ բարեգործությունը: Այստեղ ողորմության և մուրացկանության պրակտիկան է առաջնային պլան մղվել. ինչ-որ մեկը կամավոր կօգնի, ժողովուրդը փող կհավաքի, ռուսաստանաբնակ հայ գործարարը այս կամ այն տեխնիկան կնվիրի, ՀԿ-ները սնունդ կնվիրեն, գիտություն էլ պետք չէ, բոլորը՝ բանակ...»,- նշել էր նա:
Ֆեյսբուքի օգտատերերին զարմացրել էր, որ գրառման վերաբերյալ մեկնաբանություններին արձագանքում է հենց նախարարն ու բավականին արագ: «Այո, ես եմ գրում։ Որոշել եմ շաբաթ երեկոս նվիրել Ալբերտի բուժմանն աջակցելուն։ Կարող եք, դուք էլ օգնեք։ Իսկ իմ աշխատանքային շաբաթն առնվազն 75 ժամ է, ես ինձ շաբաթ երեկո կարող եմ թույլ տալ»,- արձագանքել էր Վիգեն Սարգսյանը։
Ի դեպ, քննարկումները թեժացան, երբ օգտատերերից Պետրոս Սարգսյանը գրեց՝ «1000 դրամները պրծան, թե՞ թազա բոշության ձև է»: «Բոշան դու ես»,- հակադարձեց Վիգեն Սարգսյանը:
Ավելի ուշ՝ պաշտպանության նախարարն իր գրառման մեկնաբանություններից հեռացրել է Պետրոս Սարգսյան անունով օգտատիրոջ մեկնաբանությունը եւ դրա պատասխանը:

Կարդացեք նաև՝ Զինվորի գլխին կրակած սպան «անբասիր վարքով» ծառայում է ՀՀ Զինված ուժերում


