BlogNews-ը գրում է. Շուտով ATV հեռուստաընկերությամբ կմեկնարկի «Քարե դարդ» վայրենի կատակերգությունը, որտեղ բոլոր խնդիրները սկսվում են հաղորդավար Հակոբ Հակոբյանի կերտած կերպարից։ BlogNews-ի հետ զրույցում Հակոբն ասաց, որ շատ կարևոր տեղերում ինքը լուրջ խնդիրներ է առաջացնում և միշտ ձախողվում է գլոբալ հարցերում։
«Եթե կա մեծ պրոբլեմ՝ օդի, ջրի հարց է, ուրեմն ես եմ ստեղծել դա։ Ես կրակի պաշտպանն եմ և պետք է հետևեմ կրակին, որպեսզի այն չհանգչի, սակայն հենց առաջին սերիայում կրակը հանգչում է, բոլորը ցանկանում են ինձ զոհաբերել, որպեսզի կրկին կրակ ստանան։ Վաչեն փրկում է կյանքս, քանի որ ունի ժամանակակից աշխարհից կրակայրիչ, վառում է կրակը, և ինձ չեն զոհաբերում։ Հուսով եմ՝ հեռուստադիտողները կանհանգստանան ինձ համար։ Խեղճ Մամուկին արդեն հասցրել են մի քանի անգամ ապտակել, անունի փոխարեն էլ ինչ ասես ասում են՝ Մամուկ, Տափուկ, Մամուռ և այլն»,- ասաց Հակոբը։
Անդրադառնալով հաղորդավարից դերասանական կարիերային անցմանը՝ Հակոբն ասաց, որ սա մի անցում էր, որի մասին երկար է մտածել։ «Ես կրթությամբ ռեժիսոր եմ, սակայն երբեք չեմ զբաղվել իմ մասնագիտությամբ։ Առաջարկ եղավ ATV հեռուստաընկերությունից խաղալ սիթքոմում, ու հաճույքով համաձայնեցի։ Ինձ համար հետաքրքիր էր ինձ փորձել որպես դերասան։ Սա էքսպերիմենտ է, իսկ ես սիրում եմ էքսպերիմենտներ անել,- ասաց նա ու հավելեց, որ անհանգստություն ունի, մտավախություն՝ ոչ։ -Ես վստահ եմ ուժերիս։ Ճիշտ է, միանգամից շատ եղավ, որովհետև հայտնվեցի մի տեղում, որտեղ պետք են շատ էմոցիաներ, կիսամերկ ես, սակայն քիչ-քիչ ադապտացվում եմ քարե դարի բարքերին»։
Հակոբը նշեց, որ չի ցանկանում, որ մարդիկ իրեն մոռանան որպես հաղորդավար, և հույս հայտնեց, որ առաջիկայում կներկայանա նոր նախագծում։