Երբ քո երկրում հիվանդ է բնակչության 5 տոկոսը, ապա այս դեպքում կարող է խոսք գնալ համաճարակի մասին,-մինչ կսկսեր ասուլիսը՝ շտապեց տեղեկացնել ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ-թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ H1N1-ը, որը հայտնի է խոզի գրիպ անունով, նույն գրիպն է. «Գրիպը ծանր վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ են բարձր ջերմաստիճանը, արյունահոսությունը և պետք չէ խառնել հարբուխի հետ (հազ, փռշտոց): Գրիպը տարածվում է օդակաթիլային եղանակով, փոշու միջոցով: Փոխանցվում է հիվանդ մարդուց, երբ նրան շատ մոտ ես գտնվում: Գրիպի վիրուսը մարդու օրգանիզմից դուրս կարող է մոտ 6 ժամ ապրել ու այս դեպքում տարածվում է ձեռքերի, փոշու, իրերի միջոցով: Իսկ, եթե վարակվել եք, անպայման պառկեք անկողնում: Սենյակը, որտեղ պառկած է հիվանդը, պետք է հաճախ օդափոխել, տալ տաք հեղուկներ, խոնավ շորով մաքրություն կատարել»,-մանրամասնեց ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ-թոքաբանը:
Նրա խոսքով՝ գրիպը չի նայում՝ առողջ ես , թե՝ հիվանդ: Այն ոչ ոքի կողքով չի անցնում:
Ինչ վերաբերում է գրիպի հետևանքով առաջացող թոքաբորբին, Անդրանիկ Ոսկանյանը նկատեց.
«Ատիպիկ թոքաբորբը սովորական թոքաբորբին ոչ բնորոշ հարուցիչներով պայմանավորված թոքերի բորբոքումն է: Վարակը փոխանցվում է օդակաթիլային եղանակով և փոշու միջոցով: Թոքաբորբի ինկուբացիոն ժամանակահատվածը 3-6, հազվադեպ մինչև 10 օր է: Հիվանդացածների 70 տոկոսը համեմատաբար երիտասարդ, ամուր առողջությամբ անձինք են, այսինքն, հիվանդությունը կախված չէ մարդու ֆիզիկական վիճակից և նրա սոցիալական պայմաններից: Ախտանշաններն են.բարձր ջերմություն և հազ, դժվարացած և հաճախացած շնչառություն, դող, գլխացավ, ախորժակի անկում, ընդհանուր թուլություն, մկանային ցավեր, մաշկի չորություն, լուծ»:
Ցանկացած վիրուս անցկացնելու համար ելք կա.
«Եթե հիվանդին միացնենք սիստեմայի և 5-10 րոպե շատ տաք օդ շնչի, բոլոր վիրուսները կվերանան»,-ասաց ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբանը:
Անի Կարապետյան