Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի մայրը` Նատելլա Լեպսվերիձեն, եգչի 55-ամյա հոբելյանի առիթով նկարահանված «Գրիգորի Լեպս» վավերագրական ֆիլմի շրջանակներում պատմել է, թե ինչպես է որդին Սոչիի երաժշտական ուսումնարանում իր տեղը զիջել հայ դիմորդին:
«Նա հեշտությամբ հանձնեց բոլոր քննությունները երաժշտական ուսումնարան ընդունվելու համար: Չնայած դրան` նա շատ հանկարծակի որոշեց վերցնել փաստաթղթերն ու ընդունվել հաջորդ տարի: Մի օր երեկոյան նա եկավ տուն և ասաց. «Մայրիկ, ես պետք է քեզ հետ շատ լուրջ խոսեմ: Մի հայ դիմորդ կա, ով ունի այնքան միավոր, որքան ես: Դու հասկանում ես` նրա մայրը քաղցկեղով հիվանդ է: Նա մենակ է մնում: Արի ես նրան զիջեմ իմ տեղը, իսկ հաջորդ տարի ես կընդունվեմ»,- պատմել է երգչի մայրը:
Վերջինիս խոսքով` ինքը որոշումը թողել է տղայի վրա, ով էլ վարվել է իր մտածածի պես:
Իր հերթին Լեպսը ֆիլմում պատմել է, որ երբ իր ստեղծագործական կյանքում սև գիծ էր և ոչ մի տեղ իր երգերը չէին հնչում, հենց իր այդ արարքի շնորհիվ իր կարիերան վերելք է ապրել:
«Այն ակումբը, որտեղ ես ելույթ էի ունենում, մի «անծանոթ» մտավ: Ելույթիցս հետո մենք նշեցինք մեր հանդիպումը, նա իմացավ իմ խնդիրների մասին, որոնք հենց հաջորդ օրն արդեն լուծված էին: Մենք մինչ այսօր էլ շփվում ենք, ես նրա երեխաների կնքահայրն եմ, նա`իմ»,- պատմել է Լեպսը: