«Ժողովրդական երգիչ 4» հեռուստանախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանը նախագծի ավարտից հետո ակտիվ գործունեությամբ է աչքի ընկնում : Նա նկարահանել է իր երկրորդ տեսահոլովակը :
-Առաջին տեսահոլովակդ կոչվում էր " Մայրս փոքրիկ " այն այնքան հույզ , մայրական սեր ուներ իր մեջ , միաժամանակ սրտամոտ կատարումդ գերում էր հանդիսատեսին, երկրորդ տեսահոլովակդ ի՞նչ թեմայի շրջանակներում է :
-"Իմ Հայաստան " անվանումով ստեղծագործության հիման վրա նկարահանվեց նոր տեսահոլովակ , որի ռեժիսորը Արմեն Պիրիմաշիրին է , հեղինակը՝ Վաչե Ավեյանը , գործիքավորումը կատարվել է Արդինի ստուդիայում: Այն ունի գեղեցիկ սիրային սյուժե ` շիկահեր գեղեցկուհին հանուն իր սիրո վերադառնում է հայրենիք : Զգացմունքը հաղթում է նյութականին , կենցաղայինին, պահպանվում է ազգայինը , մերը : Նկարահանումները կատարվել են Հայաստանի գեղատեսիլ վայրերում :
-Երգի ընտրություն կատարելիս առաջնահերթ ուշադրություն եք դարձնում բառերի՞ն թե՞ մեղեդայնությանը :
-Երկուսն էլ անչափ կարևոր են: Հանդիսատեսի մի մասը կարևորում է երաժշտությունը , մյուսների համար մեծ դեր ունի խոսքի ուժը : Երգիչը պիտի զգա երկուսի ներդաշնակությունը միասին :
-Նախագծի շրջանակներում հաճախ խիստ քննություն էիր անցնում հանձնաժողովի կողմից ու արժանանում իրենց իսկ գովասանքի խոսքերին .դա ոգևորո՞ղ էր թե՞ պարտավորեցնող :
-Սկզբում ոգևորող էր , այնուամենայնիվ, գիտակցում էի , որ նաև պարտավորեցնող է : Նրանք բոլորն էլ ազդեցիկ արտիստներ էին , արվեստի նվիրյալներ ու պիտի արդարացնեի իրենց սպասելիքներն ու հետուստադիտողի՝ ինձ հաղթող տեսնելու ցանկությունը :
-Բնականաբար Ձեզ օգնում էին երգեր ընտրելիս , իսկ այժմ որպես անհատ կատարող ի՞նչ սկզբունքով ես դու ընտրում նոր երգ :
-Պիտի հոգուս մոտ լինի , ներաշխարհովս անցած : Երաժշտական լավ դպրոց եմ անցել , հետո՝ կոնսերվատորիա , մագիստրատուրա: Մասնագիտությամբ վոկալիստ եմ ու սիրում եմ երգը գրագետ մատուցել : Բնությունը տալիս է ձայնային տվյալներ, որոնք պետք է հղկել, որպեսզի կատարողական արվեստի շնորհիվ տեղ հասնի :
- Ըստ քեզ " Իմ Հայասստան " նոր տեսահոլովակդ իր նպատակին կծառայի՞ , ձայնդ տեզ կհասնի՞:
-Ես կարծում եմ՝ կծառայի , քանի որ ես ու հեղինակը մեծ ցանկություն ունենք , որ հայ երիտասարդը իր սերը գտնի հայրենիքում , իր տունը կառուցի Հայաստանում ,պահպանի ազգային ավանդույթները , որոնցով բազմիցս հպարտացել ենք օտարի առաջ :
-Հաճախ ես մեկնում համերգային շրջագայությունների , հիմնականում ի՞նչ երգացանկով ես հանդես գալիս :
Վերջերս ենք վերադարձել Թեհրանից ,Լիբանանից : Հիմնականում կատարում եմ Ջիվանի , Սայաթ-Նովա , Շերամ , ինչպես նաև կոմպոզիտորներ Վլադիլեն Բալյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործություններից : Մարտ ամսին մեկնում ենք Փարիզ, Վիենա հուսով ենք ժողովրդական երգը ինչպես արյան կանչ այնտեղ էլ է սպասված:
Լ. Արշակյան