Blognews.am-ը գրում է. «Հայն է գալիս». այսպես է կոչվում Գուրգեն Դաբաղյանի նոր ստեղծագործությունը: Տեսահոլովակի աշխատանքային պրոցեսը բավականին երկար է տևել. Գուրգենն էլ իր մասնակցությունն է ունեցել նախապատրաստական աշխատանքներին.
«Ես շատ ակտիվ եմ այս հարցում․ ասում եմ, թե ինչ կերպարում կուզեի լինել, ինչպես եմ պատկերացնում սյուժեն: Պետք է ասեմ, որ նախապատրաստական ընթացքն ավելի երկար է տևել, քան նկարահանումները։ Այս ամենին զուգահեռ՝ արվում էր երգի գործիքավորումը»:
Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, ում հետ երգիչն առաջին անգամ էր համագործակցում.
«Ես շատ հավանում եմ Հրանտի ձեռագիրը։ Մենք պարզապես հասկացանք, որ մեր մտքերը, մեր գաղափարները շատ նման են իրար: Կարծում եմ՝ ստացվել է, բայց վերջնական գնահատականը ժողովուրդը պետք է տա»:
Նկարահանումներն անցել են Խոր Վիրապից Թուրքիա գնացող սահմանին, որտեղից Արարատ լեռը հնարավորինս մոտ էր.
«Առավոտյան հինգից աշխատել ենք մինչև մութն ընկնելը: Միակ բանը, որ խանգարում էր, շոգ եղանակն էր»:
«Հայն է գալիս» երգը հայրենասիրական ոճում է, որի հեղինակն արցախյան ազատամարտում զոհված Արտակ Օհանյանն է (Գուսան): Գուրգենը երգը շատ պատահական է գտել. «Այս երգը մոտ 25 տարվա վաղեմություն ունի։ Ես այն գտա համացանցում անձամբ հեղինակի կատարմամբ, ով արցախյան պատերազմի ժամանակ էր կատարում: Երբ լսեցի, հուզվեցի և մտածեցի, որ կարելի է նոր շունչ տալ երգին: Երգի բնօրինակից չենք հեռացել, նույնիսկ ամբողջ նկարահանման ընթացքում լսում էինք երգը»:
Տեսահոլովակում կան հատվածներ, որտեղ երգում են զինվորները, իսկ մի հատվածում Գևորգ Դաբաղյանը դուդուկ է նվագում:
Գուրգենն անկեղծանում է, որ նոր աշխատանք ներկայացնելիս հաշվի է առնում նաև կոմերցիոն նպատակը, բայց չի մոռանում նաև հանդիսատեսի կարծիքը.
«Չեմ անում երգ միայն այն նպատակով, որ ինձ շատ կանչեն հարսանիքների, քանի որ իմ մոտ լրիվ ստաբիլ վիճակ է թե՛ հարսանիքների և թե՛ համերգային հրավերների առումով: Միշտ էլ կարելի է գտնել ստեղծագործություն, որը լավը կլինի, և մարդիկ կսիրեն: Ես երաժշտական ասպարեզում սկզբունքային եմ, չեմ ներկայացնի վատ երգ զուտ կոմերցիոն նպատակով: Ունեմ երգեր, որոնք ակտիվ են, որոնց գործիքավորումն էլ արել ենք ճաշակով: Ժողովրդական երգն էլ կարող է լինել կոմերցիոն, օրինակ՝ ես շատ եմ ուրախանում, որ հարսանիքներին կանչում են ժողովրդական երգիչներին և այդ երգերի տակ ուրախանում են: Ժողովրդական երգն էլ է դառնում նորաձև, և այն երգիչ-երգչուհիները, ովքեր ժողովրդական չեն երգել և չեն էլ կարողանում երգել, սկսում են երգել, քանի որ տեսնում են, որ պահանջ կա: Ես կարող եմ երգել, օրինակ, մի երգ հարսանիքի մասին, որը լինի ժողովրդական և այդ ձևով նկարագրի մեր հարսանեկան ծիսակարգը»:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում