▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործարար Արման Հակոբջանյանը Սևանա լճի մեջ լողավազան է կառուցել․ առանձնատների շինարարությունը ևս խախտումներով է

«Հետք»-ը գրել է․«Սևանա լճի ափամերձ տարածքներում տուն կամ հանգստյան գոտի ունենալը շատերի համար եղել է երազանք։ Նախկին պաշտոնյաների և նրանց հետ կապված գործարարների մի մասի երազանքն իրականացել է։ 

Գործող պաշտոնյաներն աստիճանաբար են մոտենում Սևանին։ Սևանի ափին առանձնատուն կառուցելու մի անհաջող փորձ 2020 թ․-ին արեց գործարար, ճանապարհաշինական ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը։ 

Հակոբջանյանը պետական գնումների ակտիվ մասնակից է։ Նրան պատկանող ճանապարհաշինական ընկերությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, միլիարդավոր դրամների պայմանագրեր է ունեցել և շարունակում է կնքել պետական կառույցների հետ։ Այդ ընկերությունն է կառուցել Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհը, ներգրավված է նաև Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարության մեջ։ Արման Հակոբջանյանը նաև գազալցակայանների բիզնես ունի։ 

Սևանի ափին նրա ապօրինի կառուցապատումը, բարձրացած աղմուկից հետո, դադարեցվեց, շինարարությունը կասեցվեց։ 2021 թ․-ին Արման Հակոբջանյանը ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն ստացավ Սևանի ափին արդեն ոչ թե մեկ, այլ երկու առանձնատուն կառուցելու համար։ 2020 թ․-ին առանձնատունը կառուցվում էր առանց պարտադիր բնապահպանական փորձաքննության։

2020 թ․-ի սեպտեմբերի 10-ին «Հետք»-ը գրել էր, որ «Սևանի ափին քաղաքաշինական նորմերի խախտումներով առանձնատուն է կառուցվում»։ Հոդվածում ներկայացվել էր  Արման Հակոբջանյանի կողմից խախտումներով իրականացվող կառուցապատումը։ Շինարարության մասին ահազանգել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին պաշտոնյան, որին հետևեց Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը, որ այդ շինարարությունը կասեցվել է, քանի որ նախագիծը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն։ Այդ պահի դրությամբ առանձնատան պարիսպների մեծ մասը և հիմնական շինությունները (առանձնատունը և պահակակետ/տնտեսական շինությունը) կառուցվել էին։ 2025 թ․-ի սեպտեմբերի դրությամբ առանձնատան տարածքն ընդլայնվել է, կառուցվել են նոր շինություններ, երկու լողավազան։ 2022 թ․-ին կառուցված լողավազանն, ի դեպ, Սեւանա լճում է՝ բոլոր կողմերից բետոնե պատնեշներով առանձնացված։ Լողավազաններից մեկի ջուրը վերցվում է հենց Սևանա լճից (լճից ջրառ իրականացնելու համար թույլտվություն է պետք)։

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում գտնվող և «Սևան ազգային պարկին» սեփականության իրավունքով պատկանող երեք առանձին հողակտոր կա, որոնց վրա էլ Արման Հակոբջանյանը կառուցել է առանձնատները և մյուս շինությունները։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее