Գոռ Վարդանյանը այս օրերին պատրաստվում է նոր` դրամա-թրիլլեր ժանրի ֆիլմի նկարահանումներին, որտեղ ընդգրկված կլինեն հանրապետության լավագույն դերասանները, գրում է Aysor.am-ը:
-Գոռ, դուք ֆիլմի և ռեժիսորն եք, և սցենարի՞ստը:
-Ես մտահղացման հեղինակն եմ, ինձ հետ սցենարիստների հրաշալի խումբ է աշխատում: Նաև ռեժիսորն եմ ու գլխավոր դերակատարը:
-Կմանրամասնե՞ք ֆիլմի մասին:
-Բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ է, որը նկարահանում ենք «Հայֆիլմ» ստուդիայով: Ֆիլմի նկարահանմանը աջակցում է Ոստիկանությունը: Այժմ նախապատրաստական աշխատանքների մեջ ենք, շուտով կսկսեք նկարահանումները:
-Ինչի՞ մասին է ֆիլմը, որ արժանացել է ոստիկանության աջակցությանը:
- Արդար, հանցավորության դեմ պայքարող ոստիկանության սպայի մասին է, ում մարմնավորելու եմ ինքս: Այնպիսի կերպարներ են լինելու, որոնց ձգտում ենք նմանվել, երազում, ցանկանում այդպիսի ոստիկանություն ունենալ: Ցույց ենք տալու ոստիկանության աշխատակցի առօրյան` ի՞նչ կյանքով են ապրում, ի՞նչ խնդիրներ ունեն, ի՞նչ մարդկային փոխհարաբերությունների մեջ են, ի՞նչ հոգեբանական տանջանքների մեջ են ընկնում, ցանկացած հանցագործություն բացահայտելու համար ի՞նչ ճանապարհներով են անցնում: Գիտե՞ք, ամեն ինչ շատ հեշտ է, երբ կողքից ես նայում: Մենք այս ֆիլմում կփորձենք ցույց տալ այս տղաների նաև հոգեբանական վիճակը. ինչպե՞ս և ինչ գնով են կարողաում բացահայտել հանցագործությունները:
-Կա՞ն մեր ոստիկանական համակարգում այնպիսի աշխատակիցներ, որոնք օրինակելի են ու Ձեր նշած կերպարներին համահունչ:
-Այո, մեր իրավապահ համակարգում կան շատ օրինակելի աշխատակիցներ, ոստիկաններ, սպաներ: Ինքս այդ համակարգում աշխատել եմ բավականին երկար ժամանակ և անձամբ եմ շփվել նմանատիպ մարդկանց հետ: Այժմ էլ բավական շատ ընկերներ, ծանոթներ ունեմ ոստիկանության համակարգում, և ուրախ եմ, որ իրենք այն տեսակին են պատկանում, որոնց այս ֆիլմում կտեսնեք: Հպարտ եմ, որ մեր ոստիկանության համակարգում կան այդպիսի տղաներ: Մեր հույսը տղաների այդ տեսակն է, քանի որ նրանք երբեք չեն գնա սխալ ճանապարհով: Հատկապես վերջին շրջանում նկատելի է առաջընթացը, բայց դա դեռ քիչ է: Յուրաքանչյուրս պետք է աշխատենք, որ հասնենք այն աստիճանի, որ մեր երեխաներն, ի դեմս ոստիկանության` տեսնեն պաշտպանող կառույց, հպարտանան ոստիկաններով և ցանկանան նրանց մի մասը դառնալ: Պետք է ցանկանանք օգնել ոստիկաններին, որովհետև, եթե հասարակությունը չօգնի, ապա ոստիկանը ինչպե՞ս կկարողանա մեզ պաշտպանել: Մենք պետք է վստահենք նրանց և մեր կողքին տեսնենք մեր պաշտպանին: Ի վերջո, երեխաների համար հերոսի չափանիշ պետք է լինի ոչ թե ինչ-որ մի կրիմինալ տարր, հանցագործ, այլ իրավապահ համակարգում աշխատող ազնիվ մարդ: Պետք է երեխաների, երիտասարդների մեջ առաջանա համազգեստ կրելու ցանկությունը: Ոստիկանությունը ցանկացած պետության կարևոր օղակ է, ժողովրդի և ոստիկանության կապը կարևոր է:
-Դուք մեծամասամբ դրական կերպարներում եք լինում: Ըստ Ձեզ, կյանքում և՞ս օրինակելի եք, թե՞ դեր եք խաղում:
-Այդ գնահատականը կարող են տալ այն մարդիկ, ովքեր իրական կյանքում շփվում են ինձ հետ: Չեմ կարող թաքցնել` ես նման եմ իմ դրական կերպարներին: Ասեմ ավելին` ես դերասան չեմ, չեմ խաղում, պարզապես ցանկություն ունեմ լավ բան անելու և անում եմ: Ինձ համար կարևորը ասելիքն է, իմ ֆիլմի «մեսիջը»: Լավ, թե վատ եմ խաղում` դա արդեն հանդիսատեսի որոշումն է: Եթե նա փորձում է նմանվել այդ հերոսին, նշանակում է` այնքան էլ վատ չի:
-Գոռ, արդյոք ֆիլմը Ոստիկանությա պատվեր չէ:
-Ոչ, որպես պետական գործիչ, մանկավարժ, կարծում եմ` դրական մարդ, նման ֆիլմ նկարահանելու ցանկությունը, մտահղացումն իմն է եղել: Ուզում եմ, որ բոլորը դառնան մի մասը ոստիկանության հետ աշխատանքների: Ամեն մեկս պետք է փորձենք ինչ-որ չափով օգտակար լինել և օգնել: Ես ամբողջ ֆիլմի ընթացքում համազգեստով եմ լինելու, կերպարս պետք է օրիակելի դառնա:
-Արդեն իսկ որոշվա՞ծ է վերնագիրը:
-«Հրեշների գայլը»: Սա շատ գեղեցիկ քրեական պատմություն է, որտեղ կան և պետական պաշտոնյաներ, օլիգարխներ, հանցագործներ, ծախված իրավապահներ, դեպուտատներ և բիզնեսմեններ…
-Ի՞նչ եք կարծում, կլինե՞ն հայտնի գործիչներ, ովքեր իրենց «կճանաչեն» Ձեր ֆիլմի կերպարներում:
-Կարծում եմ` այո, նման մարդիկ կլինեն: Կցանկանամ, որ ֆիլմը դիտեսլիս բացասականները դաս վերցնեն և ուղղվեն, վերափոխվեն, իսկ դրականները հպարտություն զգան և շարունակեն նույն ոգով աշխատել: Մենք պետք է կարողանանք այդ դրական սինդրոմով վարակել մնացածին: Սա է մեր ֆիլմի գաղափարը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: