Life.panorama.am-ը գրում է. Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում կիսվել է առաջիկա ծրագրերով ու պատմել օրերս կայացած համերգի մասին:
«Առաջիկայում սպասվում է համերգներով առատ ամիսներ. Բացի ընթացիկ համերգային շրջագայություններից` արդեն իսկ նախատեսված է, որ փետրվարին պետք է մեկնեմ ԱՄՆ` մասնակցելու «Ժողովրդական երգերի փառատոնին», որին ներկա կլինեն ժողովրդական երգի վարպետները, իսկ մարտին Ֆրանսիայում կմասնակցեմ մրցանակաբաշխության, որտեղ մեր ազգային երգը կներկայացնեմ»,- պատմեց Գոհար Հովհաննիսյանն ու խոսեց օրերս կայացած համերգից.
«Մենք հաճախ ենք արտերկրում կամ գոնե մեր շրջաններում համերգներով հանդես գալիս, սակայն Երեւանում արդեն երկար ժամանակ էր,ինչն համերգ չէինք ունեցել: Ուրախ եմ ու շնորհակալ, որ երիտասարդ կազմակերպիչները հանձն առան այդ գործն ու կազմակերպեցին այդ հրաշք համերգը, որին մասնակցեցինք ես, Աղասի Իսպիրյանը, Ռուբեն Սասունցին ու Դավիթ Զաքարյանը: Համերգը տեղի ունեցավ Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում: Ինձ համար հատկանշականն այն էր, որ երեւանյան հանդիսատեսի նկատմամաբ կարոտը փոխադարձ էր. Հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը վկայում էր այն մասին, որ համերգը շատ տեղին ու սպասված էր»,- նշեց Գոհարը:
Շարունակելով ժողովրդական երգի սիրահարների ու հանդիսատեսի վերաբերմունքի թեման` երգչուհին հավելեց.
«Ինձ համար մեծ ուրախություն է, երբ դահլիճում ավագ սերնդից բացի երիտասրադների եմ տեսնում, կրկնակի ուրախություն է, երբ նրանք մեզ հետ հավասար երգում են ժողովրդական երգերը. Դա վկայում է այն մասին, որ մեր երիտասրադները սիրում, լսում ու երգում են մեր ազգային երգերը, չնայած նրան, որ այսօրվա երգարվեստում աղբը շատ է: Պակաս երջանկություն չէ, երբ համերգի ժամանակ իջնում եմ դահլիճից ու մեր ավագ սերնդի հետ միասին պարում ու երգում ենք, երջանկություն է, երբ նրանց փոխանցում ես ուրախություն ու հաճելի պահեր: Մեր ընտրած ժանրը միակն է, որ մեծ գումարներ չի բերում երգչին, բայց նաեւ միակ ժանրն է, որը եթե ընտրել ես, պետք է չմտածես գումարի մասին, դրա հետեւից չընկնես ու հնարավորինս բարձր պահես ազգային արվեստդ»:
Ի դեպ` Գոհար Հովհաննիսյանը երգելու է նաեւ «Արմենիա Պրեմիում»-ով հեռարձակվող «Հին արքաներ» հեռուստաֆիլմի սաունթրեքը.
«Առաջարկ ստացա երգել «Հին արքաներ» ֆիլմի սաունթրեքն ու մեծ սիրով համաձայնեցի: Սա հետաքրքիր նախագիծ է, որն անդրադառնում է մեր պատմությանը, իսկ այն, ինչ կապված է մեր պատմության, մեր ակունքների հետ, ինձ հետաքրքիր է»,- նկատեց նա:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում