▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնացել ռեստորաններ, էնտեղից ասել են՝ ձեզ ոչ մի փող չենք տա». «Հայհեղինակը» չի կարողանում լիարժեք պաշտպանել հեղինակային իրավունքները

Առավոտ.am-ը գրում է․ «2001 թվականից «Հայհեղինակ» ՀԿ-ն հայտ է ներկայացրել զբաղվելու հեղինակային իրավունքների պաշտպանությամբ։ Ըստ այդմ, այս կազմակերպությունը ստեղծագործողի հետ պայմանագիր է կնքում, գրանցվում է ստեղծագործությունը, ինչը ըստ կազմակերպության անրաժեշտ է կատարել, որպեսզի հեղինակը ժամանակին ստանա իր հասանելիք հեղինակային վարձատրությունը: Այժմ բազմաթիվ ստեղծագործողներ պայմանագրեր ունեն գույքային կառավարումն իրականացնող «Հայհեղինակի» հետ, սակայն այնպես չէ, որ նրանց հեղինակային իրավունքների պաշտպանությունը երաշխավորված է եւ իրենք միլիոններ են ստանում իրենց ստեղծագործությունների հնչելուց ու կատարելուց:

Ըստ «Հայհեղինակի» հետ կնքված պայմանագրի՝ վարձատրությունը հեղինակին վճարվում է գումարը կազմակերպության հաշվին մուտքագրվելու օրվանից մեկից-երեք ամսյա ժամկետում, վարձատրությունը վճարվում է օրենքով սահմանված կարգով հարկերը պահելուց հետո, ու կազմակերպության ծախսերը ծածկելու նպատակով նաեւ վարձատրությունից կատարվում են պահումներ որպես անդամավճար:

Պոետ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ, բազմաթիվ գեղեցիկ երգերի հեղինակ Էդուարդ Զորիկյանը Aravot.am-ին փոխանցեց, որ չի լսել «Հայհեղինակ» ՀԿ-ի մասին: «Ինձ նման կազմակերպություն հայտնի չէ»,-ասաց նա:

Ռոք երաժիշտ, կոմպոզիտոր «Ոստան Հայոց» խմբի կիթառահար Դավիթ Մուշեղյանը, որ այսօր Ֆորշի հետ հանդես է գալիս Ռե-մինոր խմբում, ստեղծագործողների հեղինակային իրավունքների եւ այդ համատեքստում «Հայհեղինակի» հետ հարաբերվելու մասին հետեւյալը նշեց. «Ես ընդամենը մեկ երգ ունեմ գրանցված, որ պաշտպանվում է: Բայց հիմա այլ բանի մասին եմ ուզում խոսել. իրենք իրավունքները չեն պաշտպանում տարբեր ոլորտներում, օրինակ յութուբի դեպքում ինչպե՞ս են հարցերը կարգավորվում, կամ ռեստորաններում ինչպե՞ս պետք է լինի: Զանազան հարցեր կան, որոնք բարձրացրել ենք նաեւ վերջերս իրենց կազմակերպած հավաքի ժամանակ, բայց դեռ պատասխաններ չունենք:

Օրինակ՝ ոնց է լինում, եթե խմբակային երգ է, ինչպե՞ս է բաժանվում այդ ամեն ինչը, ոնց է հեղինակը տեղեկանում գումարը կլինի՞, թե՞ ոչ: Հեղինակը նստած սպասում է՝ եկա՞վ փողը, թե՞ չեկավ, բայց կարող է՝ չեն էլ փոխանցել, կամ փոխանցել են, իրենք չեն տվել: Այդ մեխանիզմները մեզ մոտ շտկված չեն:

Օրինակ` ես գիտեմ, որ ռադիոն եւ հեռուստատեսությունը որոշակի հաճախականությամբ փող են փոխանցում: Ոնց է դա բաշխվում, ինչ հաճախականությամբ է դա արվում, անձամբ ես չգիտեմ, բայց մի անգամ գնալու եմ նստեմ իրենց մոտ եւ այդ ամեն ինչը պարզեմ»:

Դավիթ Մուշեղյանը նաեւ փոխանցեց, որ «Հայհեղինակի» հավաքների ժամանակ ասել են, որ տարբեր տեխնոլոգիական հնարավորություններ կան, որոնք աշխատանքը կարող են ավելի թափանցիկ դարձնել, դրանք եւս մեզանում բացակայում են. «Վերջիվերջո նաեւ տեսուչների հարց կա, քողարկված տեսուչների:

Օրինակ, մի երկու տարի առաջ Քրիստ Մանարյանը մտել էր ռեստորան, իրեն ասել էին՝ ո՞ր սրահում եք ուզում նստել: Քրիստի հարցին՝ իսկ ինչո՞վ են սրահները տարբերվում, ասել էին՝ այս սրահում երաժշտություն կա, ինչի համար պետք է հավելյալ վճարեք: Ու Քրիստն ասել էր՝ էդ դուք պետք է ինձ փող տաք, որովհետեւ հենց հիմա այնտեղ իմ երգն է հնչում: Այսինքն, այս բոլոր հարցերը պետք է շտկվեն.. Իրենք չեն կարող ռեստորաններում հսկել, որովհետեւ ռեստորանների կողմից մեծ սաբոտաժ կա, իրենք մի քանի անգամ գնացել-մտել են ռեստորաններ, էնտեղից ասել են՝ ձեզ ոչ մի փող չենք տա, որովհետեւ ռեստորանների վրա ազդելու մեխանիզմներ չկան»:

Քրիստ Մանարյանի հետ եւս կապվեցինք, նա չցանկացավ որեւէ բան մեկնաբանել:

Տարբեր ստեղծագործողներ եւս, որոնք խնդրեցին իրենց անունները չնշել, միաբերան պնդում էին, որ թեեւ «Հայհեղինակ» ՀԿ-ի գլխավոր տնօրենը Մարինա Ավետիսյանն է, սակայն խորհրդի անդամ Կարեն Արիստակեսյանը մեծ դերակատարություն ունի «Հայհեղինակի» կայացրած որոշումների առումով: Նրանցից շատերը նաեւ հավաստիացնում էին, որ ցանկության դեպքում անգամ եղած անկատար օրենսդրական դաշտի պայմաններում հնարավոր է պաշտպանել իրենց իրավունքները, ինչը տարբեր պատճառներով չի արվում:

Aravot.am-ը «Հայհեղինակ» ՀԿ-ի խորհրդի անդամ Կարեն Արիստակեսյանից հետաքրքրվեց՝ ինչքանով են պաշտպանված հեղինակային իրավունքները, ինչպե՞ս է դա կարողանում եւ վարձատրություն ստանալը երաշխավորում «Հայհեղինակը», նաեւ հարցրինք՝ չե՞ն պատրաստվում ինչ-որ համակարգ ներդնել, որի շնորհիվ մարդիկ կարող են տեսնել, թե, օրինակ, քանի անգամ է իրենց ստեղծագործությունը կատարվել, ինչքան գումար կնստի իրենց հաշվին եւ այլն:

Կարեն Արիստակեսյանը նախ հույս հայտնեց, որ բոլոր խնդիրները աստիճանաբար կկարգավորվեն: Երբ հիշեցրինք, որ «Հայհեղինակն արդեն 24 տարի գործում է, հետեւյալ կերպ արձագանքեց. «Միակողմանի չի լինում, երբ դժգոհողներն իրենց իրավունքներն ու պարտավորություններն իմանան, «Հայհեղինակն» էլ իրենը կանի, հիմա բարեփոխումների ընթացքում ենք»: Ասաց նաեւ, որ երբեմն ոլորտում հայտնվում են մարդիկ, որոնք հեղինակներին մոլորեցնելով՝ իրենց շահերն են առաջ տանում:

Նորից պնդեցինք հարցը՝ չե՞ն ցանկանում տեխնոլոգիական համակարգ կիրառել, ներդնել, որի միջոցով ստեղծագործողը, հեղինակը կտեսնի ամեն բան, Կարեն Արիստակեսյանը խոստացավ, որ համակարգը կներդրվի: Իսկ յութուբի մասով կարգավորման վերաբերյալ էլ ասաց, որ օրենքներում պետք է փոփոխություններ կատարվեն»:

Հեղինակ՝ Գոհար Հակոբյան
 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее