▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գլխատում են ՀԷՑ-ը․ նպատակը քաղաքական հայացքներով իրենց դեմ մարդկանցից ազատվելն է»․ Դավիթ Ղազինյան

Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո մոտ 45-50 աշխատակից է ՀԷՑ-ից հեռացվել։ Այս մասին նա այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Եկեք չխոսենք միայն հեռացվածների մասին։ Կան շատ դիմում գրողներ, որոնք տարբեր ճնշման միջոցներով են դիմում գրել։ Ես համարում եմ, որ իր նշանակումից հետո մինչև այսօր դիմում գրողները հեռացվածի կարգավիճակով պետք է ունենան, որովհետև տարբեր ճնշումներով չեն դիմացել, դիմում են գրել շառից-փորձանքից հեռու` դիմում են դրել, գնացել»,- ասաց Ղազինյանը։

Նրա խոսքով՝ թեպետ ՀԷՑ–ի 6800 աշխատակիցների մեջ 45-50-ը կարող է փոքր թիվ թվալ, բայց խոսքը հիմնականում ղեկավարների մասին է։

«Չգիտեմ՝ իրենց կառավարությունում ինչպես է` նշանակվում են ըստ մտերմության կամ կուսակցական պատկանելության, մեզ մոտ այդպես չի եղել՝ ամեն ղեկավար պաշտոնյա ունեցել է հստակ գործառույթներ, որոնք չկատարելու դեպքում ուղղակի չէր կարող աշխատել»,- ասաց Ղազինյանը՝ ընդգծելով՝ գլխատում են ՀԷՑ-ը․ նպատակը քաղաքական հայացքներով իրենց դեմ մարդկանցից ազատվելն է։

***

Կառավարությունն ընդունել է՝ արբիտրաժային վճիռները ենթակա են անհապաղ կատարման։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Ղազինյանը հիշեցրեց, որ Ստոկհոլմի Արբիտրաժի դատարանը միջանկյալ որոշում էր կայացրել, համաձայն որի՝ պետք է հայցային ապահովման միջոց կիրառվեր։ ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրություն էր ուղարկել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպյանին, որ կատարվի Արբիտրաժի որոշումը, մասնավորապես, խնդրել է՝ կասեցնել վարչական վարույթը, վերացնել որոշումը՝ լիցենզավորված անձին ժամանակավոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ։

Ղազինյանը հրապարակեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գրությունը՝ ուղղված կառավարությանը, որով խնդրել է դիրքորոշում հայտնել արբիտրաժի կողմից կայացված որոշման ճանաչման կամ կատարման ենթակա լինելու վերաբերյալ։ Մեսրոպյանի գրությանը պատասխանել է կառավարության աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։

«Պատասխանում գրասենյակի ղեկավարը միաժամանակ նշում է, որ վարույթի կասեցումը պարտադիր չէ։ Մենք էլ ենք ասում, որ դա պարտադիր չէ։ Այսինքն՝ հանձնաժողովը մինչև այս վերջին օրենսդրական փոփոխությունները իրավունք ուներ վարույթ հարուցելու, քննելու և որոշում կայացնելու, բայց արբիտրաժը հստակ նշում է, որ պետք է սահմանափակվի կառավարիչ նշանակելու իրավասությունը։ Ստացվում է մի իրավիճակ, որ հիմնավոր կասկած ունենք՝ կառավարությունը իմիտացիա է ստեղծում, որ տեսեք՝ կատարում ենք որոշումը, տվեցինք մեր կարծիքը, բայց դե հանձնաժողովն անկախ մարմին է, ինքը պետք է որոշի»,- նշեց Ղազինյանը՝ ընդգծելով, որ գնդակը ՀՀԾԿՀ նախագահի դաշտում է։

***

«ՀԷՑ-ի հնարավոր գնորդը պետք է շատ ռիսկեր հաշվի առնի, իսկ իմ կարծիքով այդ ռիսկերը հաշվելու դեպքում ուղղակի գնորդ չի լինելու։ Որովհետև բացի բարոյական մասից, այստեղ կա նաև իրավական մաս»,- ասուլիսի ժամանակ նշել է ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ մանրամասնելով․ «Այսինքն՝ ՀԷՑ-ը գնելուց հետո, թեկուզ բարեխիղճ գնորդ դառնալու դեպքում, շատ խնդիրներ է ունենալու։ Ես հիմա համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո սա շատ մեծ քրեական գործ է լինելու, իրար վրա ցուցմունքներ են տալու։ Այսինքն՝ նոր գնորդը, պատկերացրեք, շատ գումար պետք է վճարի։ Էդ շատ մեծ գումար վճարողը ունենալու է լավ իրավաբանական թիմ, լավ մենեջմենթ, որոնք այս ամբողջ ռիսկերը գնահատելուց հետո ասելու են՝ մի՛ մտի սրա մեջ։ Իսկ իշխանությունը չունի այն ռեսուրսը, որպեսզի ինչ-որ մեկին ստիպի դա անել»։

***

«ՀԾԿՀ սակագին ձևավորելիս ներառում է աշխատավարձային ֆոնդ՝ հստակ սահմանված կոնկրետ թիվ։ ՀԷՑ-ի համար հանձնաժողովի սահմանած աշխատավարձային ֆոնդից բացի՝ 2015 թվականից մինչև այսօր ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը տրամադրել է 11,6 միլիարդ դրամ ավելի գումար»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ հավելելով, որ եթե շարժվեն ՀԾԿՀ տված աշխատավարձային ֆոնդով, պետք է աշխատողներ կրճատվեն կամ աշխատավարձն իջեցնեն։

«Սեփականատերն անքակտելի իրավունք ունի, ուներ և ունենալու է իր սեփական միջոցներն այլևս չուղղել, որոշել՝ այլևս չեմ ուզում տրամադրել ամսական 150 միլիոն, տեղավորվեք աշխատանքային ֆոնդի մեջ։ Սամվել Կարապետյանը, ըստ իս, այս բոլոր անարդար մեթոդներից հետո չի անում այդ քայլը մի քանի պատճառով. առաջին՝ որպես պետականամետ մարդ՝ չի պատժում կառավարչին կամ իշխանությանը, հանձնաժողովին, երկրորդ՝ իր գրպանից տված գումարը կրճատելու դեպքում միանշանակ կրճատումներ պետք է արվեն, աշխատակիցներ կրճատվեն․ հաշվի առնենք, որ այդ աշխատակիցներ կրճատվելու են հիմնականում պրոֆեսիոնալ թիմից, ոչ թե իրենց բերած մարդկանցից։ Երրորդ՝ ամենակարևոր հանգմանքը՝ այդ պարագայում ՀԷՑ-ն ընդհանրապես կործանման է գնալու»,- նշեց Ղազինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее