armtimes.com-ը գրում է. Մեր տեղեկություններով, այսօր Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին կալանավորելու համաձայնություն է տվել. նրանք կալանավորվել են:
Հիշեցնենք, որ դատավորները կասկածվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, սակայն չէին ձերբակալվել:
Մեր տեղեկություններով, Աղվան Պետրոսյանը, որը մի քանի օր հիվանդանոցում էր, այսօր դուրս է գրվել եւ միանգամից տեղափոխվել Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Մեր զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ Արաբկիրի դատարանը հնարավորություն չի տվել ծանոթանալ գործի մեծածավալ նյութերին: «Մեզ հնարավորություն չտվեցին մեր պաշտպանությունը կառուցել, մեզ զրկեցին այդ հնարավորությունից: Մենք էլ միացանք մեր պաշտպանյալի լռելու իրավունքին: Դրանից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ եւ 10 րոպե հետո հրապարակեց որոշումը: Ես նյութերին լիարժեք ծանոթ չէի, ի՞նչից պաշտպանվեի: Ես չգիտեմ՝ էս հրատապությունը ո՞ւմ համար էր, ի՞նչ էր նշանակում»,- ասաց պաշտպանը:
Մեր հարցին, թե բողոքարկելո՞ւ են Աղվան Պետրոսյանին կալանավորելու՝ դատարանի որոշումը, պաշտպանն ասաց, որ կքննարկեն՝ նոր համապատասխան որոշում կկայացնեն:
Նա տեղեկացրեց, որ այսօր իր պաշտպանյալին «Նաիրի» բժշկական կենտրոնը 18:00-ին դուրս է գրել՝ այն դեպքում, երբ, ըստ նրա՝ Աղվան Պետրոսյանի առողջական վիճակը լավ չի եղել. ««Նաիրի» ԲԿ-ն գտնվեց իր «բարձրության» վրա, շատ հրատապ նրան դուրս գրեցին, այն դեպքում, երբ իմ պաշտպանյալի շաքարը հասել է 18-ի»,- պատասխանեց Մելքոնյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Աղվան Պետրոսյանին, Մելքոնյանն ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է երկու դրվագով առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ: Առաջադրված մեղադրանքում Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Այս գործը կապված է տարիներ առաջ՝ 2014-ին կալանավորված անչափահաս Գոռ Գալստյանի հետ։ Գոռը Վարդենիս քաղաքի «Սեւ հողեր» կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում վեճի ժամանակ դանակահարել էր մեկ այլ քաղաքացու, որից հետո ձերբակալվել, ապա կալանավորվել։ Պատժի կրումից ազատելու համար նրա ծնողները ցանկացել էին գումարով ազատել որդուն, սակայն գործն ավարտին հասցնել չէին կարողացել։ Մեղադրյալի ծնողներն իրենց որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս. Շհոյանին, որը ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանին կալանավորվել, ապա դատի է տրվել:
Ավելին՝


