▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գենետիկ մոդիֆիկացված սնունդն առաջացնում է հրեշածնությո՞ւն, դա ի՞նչ է.Արմեն Պողոսյան

«Զարմանում եմ, որ «Մոնսանտո»-ի նկատմամբ այսքան մեծ հետաքրքրություն կա: Գենետիկ մոդիֆիկացված սնունդը տարածվում է ամբողջ աշխարհում ու դա «Մոնսանտո»-ն չի արել: Այդ կազմակերպությունն ուղղակի հերթականն է: Մենք միայն պետք է խոսենք հնարավոր վտանգների մասին: Մեր մոլորակում չկա որևէ գիտական հոդված, որտեղ նշված լինի վտանգների մասին: Ի դեպ, գենետիկ մոդիֆիկացման հայտնագործութան համար մրցանակ շնորհվել է 1952 թվականին, անցել է 60-ից ավելի տարի և եթե այն վտանգները, որոնց մասին հաճախ լսում ենք, իրական լինեին՝ կտեսնեինք: Թերթում կարդում եմ՝ գրված է, թե գենետիկ մոդիֆիկացված սնունդն առաջացնում է հրեշածնություն: Դա ի՞նչ է, երկու գլխանի մարդ: Ես փողոցում անգլուխ մարդ տեսել եմ, բայց երկգլխանի չեմ տեսել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով.

«Ես բոլորին միշտ կոչ եմ անում փորձել գտնել ու օգտագործել բնականը, իսկ եթե չկա մակնշում, ապա դա խիստ պատժելի է: Գոյություն ունեն Սննդի պետական ծառայությունը, տեսչությունը, Սպառողների ասոցացիան և բոլորիս գործը հայտնաբերելն ու պատժելն է, իսկ քաղաքացիներն իրավունք ունեն համապատասխան փաստաթուղթ պահանջել վաճառողից»:

Հիշեցնենք՝ օրերս System of a Down ռոք-խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ էր արել «հեռու մնալ» ամերիկյան «Մոնսանտո» (Monsanto) ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է համարվում: «Հայաստան, խնդրում եմ՝ հեռու մնա Monsanto-ից: Նրանց գիշատիչ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մաքուր օրգանական մթերքի վերջն են նշանակում: Դրանք ձեզ համար վնասակար են եւ սարսափելի համ ունեն, եթե ավելին չասեմ: Երբ Հայաստանում եմ լինում եւ խնձոր եմ ուտում, այն մաքուր է, խրթխրթան եւ համեղ: Խնդրում եմ՝ թող այն այդպիսին էլ մնա: Ես ԱՄՆ-ում այսպիսի խնձոր չեմ կարողանում գտնել Monsanto-ի շնորհիվ»,-ֆեյսբուքի իր էջում գրել էր երգիչը:

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ  «Մոնսանտո»-ի  անունը կապված է հորմոնային խթանիչների արատադրության հետ, որոնց օգտագործման դեպքում կանանց մոտ կրծքագեղձի, տղամարդկանց մոտ շագանակագեղձի ուռուցքներ են առաջանում: Շաքարի փոխարինիչների հետ նույնպես կապ ունի ընկերությունը: Ավելին՝ կապ ունի միջուկային զենքի ու ատոմային ռումբի արտադրման հետ:

Նշենք, որ մի քանի օր առաջ Երևանում ներկայացվեցին Valmont և Monsanto ընկերությունները, որոնք այսուհետ իրենց գործունեությունը կծավալեն Հայաստանում։ Valmont Irrigation-ը մեխանիկացված ոռոգման սարքավորումներ է վաճառում, Monsanto ընկերությունը՝ տրանսգեն սերմեր ու դրանց մշակման համար նախատեսված թույներ։ Եվրոպայում Monsanto-ն չի կարող գործել, որովհետև Եվրամիությունն իր տարածքում խստորեն արգելում է ԳՁՕ-ն։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее