Գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանա, դրանք սուտ տեղեկություններ են. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները, թե այդ վճարները վերանալու են։

«Դա իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, և ես անձամբ ինքս տեղյակ չեմ, և նման քննարկումներ տեղի չեն ունեցել», - հավելեց նախարարը։

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ առաջիկայում հայ ժողովուրդը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մեկից:

Խոսքը գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարիներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապետյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին:
Հիմա այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխատակիցները, եւ հայ սպառողներն այլեւս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայության համար, որը, ըստ էության, չէր իրականացվում»:


