Life.panorama.am-ը գրում է. այսօրվա զրուցակիցն է դերասանուհի, բանաստեղծուհի Գայանե Ավետիսյանը, ով այս շրջանում «Դոմինո» սիթքոմում մարմնավորում է Սոֆային: Գայանեն մեզ հետ զրույցում խոսել է ոչ միայն աշխատանքից, այլեւ անձնական կյանից՝ հայտնելով, որ գտել է իր կեսին:
-Գայանե, այս շրջանում նկարահանվում եք «Դոմինո»-ում, այս սիթքոմը դիտելիս մարդիկ մի լավ ծիծաղում են, հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս են անցնում նկարահանումները, կադրից դուրս աշխատանքների մասին մի փոքր կպատմե՞ք:
- «Դոմինոյում» նկարահանվելու առաջարկը ստացել եմ օգոստոսի վերջին Դավիթ Բաբախանյանի կողմից, թեպետ այդ շրջանում արդեն առաջարկներ կային Աբու Դաբիի բրիտանական թատրոնից, բայց ընտրեցի «Դոմինոն»: Առաջարկը ընդունելիս առաջինը հետաքրքրվել եմ անձնակազմից, քանի ինձ համար շատ կարեւոր է, թե ո՞ւմ հետ եմ աշխատելու, ո՞ւմ հետ եմ նկարահանվելու: Պետք է ասեմ, որ մեզ մոտ շատ լավ անձնակազմ է հավաքված, ասես ամեն մեկն իրենց դերի համար եկած լինեն, օրինակ ես չէի ցանկանա այլ կերպար մարմնավորել այստեղ, ինձ շատ է դուր գալիս Սոֆայի կերպարը: Ճիշտ է՝ արդեն 15 տարի է, ինչ որպես դերասանուհի աշխատում եմ, բայց «Դոմինոն» ինձ համար նորություն է, քանի որ այն սիթքոմ է, որտեղ ոչ թե պետք է ծիծաղեցնես, այլ իրավիճակը դարձնես ծիծաղելի: Մեր նկարահանումները բավականին հետաքրքիր եւ դրական լիցքերով են անցնում, ինչ խոսք, նկարահանման ընթացքում հնարավոր են նաեւ փոքրիկ խնդիրներ, բայց դրանք այնքան չնչին են, որ նույնիսկ աննկատելի են թվում: Ի դեպ, այստեղ դերասանը ազատ ստեղծագործելու հնարավորություն ունի, որն արդարացված է: Այստեղ բոլորս ունենք մի նպատակ՝ ստեղծելու լավ ու որակյալ աշխատանք:
-Սիթքոմում Ձեր կերպարը բավականին խիստ կին է, որքանո՞վ եք դուք եւ Սոֆան նման իրար, խստությունը Ձե՞զ էլ է հատուկ:
- Իմ եւ Սոֆայի նմանությունը կայանում է նրանում, որ Սոֆան եւ ես նպատակասլաց ենք, ուժեղ, աշխատասեր եւ կայացած, իսկ մնացած հարցերում, հատկապես իր տղամարդու հետ կապված թեմաներում, մենք շատ տարբեր ենք. ինձ համար նույնիսկ ծիծաղելի է, երբ Սոֆայի նման մեկն անընդհատ փորձում է իր կարծիքը փաթաթել մյուսների վզին: Ես Սոֆայի նման խիստ չեմ, պարզապես լինելով նվիրվող մարդ, ես մի փոքր ավելի պահանջկոտ եմ, բայց այդ պահանջկոտությունը նման չէ այն ամենին, ինչ «Դոմինո»-ում անում է Սոֆան:
-Մի փոքր կպամե՞ք Աբու Դաբիի բրիտանական թատրոնում Ձեր գործունեության մասին:
- Ամեն տարի մեկնում եմ Արաբական Միացյալ Էմիրաթներ, քանի որ քույրս այնտեղ է ապրում, բայց երեք տարի առաջ երբ մեկնեցի հերթական ձմեռային հանգիստս վայելելու նպատակով, պատահական մասնակցեցի մի մեծ քասթինգի եւ ընդունվեցի Աբու Դաբիում գտնվող «Resuscitation» բրիտանական թատրոն, որի իմաստը կայանում է նրանում, որպեսզի տարբեր երկրների դերասանների միջոցով ներկայացնեն դասական պիեսներ՝ նոր շնչով: Այս թատրոնը ինձ համար համարվում է կես դրույքով աշխատանք, այնտեղ մեկնում եմ ձմեռային ամիսներին: Վերջին շրջանում ինձ առաջարկեցին տեղափոխվել իրենց մոտ, բայց քանի որ ես չէի ուզում, որպեսզի հիմնական տեղափոխվեի այնտեղ, ուստի հրաժարվեցի իրենց մշտական դերասանուհին լինել, հիմա միյան հյուրի կարգավիճակով եմ մեկնում եւ խաղում այն ներկայացումներում, որոնցում արդեն որքան ժամանակ է ունեմ իմ մասնակցությունը: Պետք է ասեմ, որ այդ աշխատանքը ինձ համար շատ մեծ փորձ էր, աշխատել եմ հրաշալի արտիստների եւ հետաքրքիր ռեժիսորների հետ: Այդ աշխատանքը ինձ համար շատ մեծ դպրոց էր:
-Գայանե, գիտեմ, որ ստեղծագործում եք, համեմատո՞ւմ եք Ձեր մասնագիտությունները միմյանց հետ, դրանցից որին եք նախապատվություններ տալիս:
- Դերասան լինելը ինքնին ստեղծագործելու հետ է կապված: Չեմ կարող ասել, ո՞ր ոլորտին եմ ավելի նախապատվություն տալից, բայց երբ գրում եմ, կարողանում ամբողջովին կտրվել աշխարհից, ես կարող եմ անգամ անգիտակցաբար գրել, եղել են դեպքեր, երբ կիսաքնած վիճակում մտքեր են եկել եւ անմիջապես գրանցել եմ դրանք հեռախոսիս մեջ: Որպես դերասանուհի արդեն գիտես, թե ինչ պետք է ստեղծագործես, իսկ որպես բանաստեղծուհի երբեմն չգիտես, թե ինչ է գալու մտքիդ:
-Երգի համար խոսքեր գրելը երաժշտությունից ոչ պակաս կարևոր է, քանի որ կարող է պարտվել երգը, որն ունի թեկուզեւ աննկարագրելի երաժշտություն, բայց չունենա համապատասխան խոսքեր, միաժամանակ դրանք գրելիս էլ զգույշ պետք է լինել, որ համահունչ լինի մեղեդիին: Ինչի՞ց եք ոգեշնչվում ստեղծագործելիս:
- Ստեղծագործում եմ 2007թ-ից ի վեր: Ստեղծագործելը ինձ համար դարձել է կյանքի իմաստ, ձեռքբերում: Ինձ ճանաչողները անմիջապես հասկանում են, թե որ երգերի խոսքերն եմ ես գրել, քանի որ ես ունեմ ձեռագիր, որը, կարծում եմ, տարբերվող է: Ըստ իս, որքան կարեւոր է մեղեդին, նույնքան կարեւոր են խոսքերը, ինչպես ամենագեղեցիկ կազմվածք ունեցող մանեկենին պետք է հագուստ, նույն կերպ երաժշտությանը պետք է տպավորիչ խոսք ունենա: Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչից եմ ոգեշնչվում, երգեր կան, որոնք միանգամից են ծնվում, երգեր կան, որոնք գրելիս մի փոքր ժամանակ է պետք լինում:
-Գայանե, Ձեր երգերից շատերում պատմում եք սիրո մասին, նման զգացմունքային խոսքեր գրելու համար պետք է վերապրե՞լ այդ զգացմունքը:
- Իսկապես, կան ապրած երգեր, բայց կան նաեւ երգեր, որոնք ինձ հետ կապ չունեն: Օրինակ վերջերս Նարեկ Մակարյանի «Քեզ հետ, առանց քեզ» երգը շատերի կարծիքով իմ կյանքի մասին էր պատմում, բայց այդպես չէ: Ամեն անգամ ինձ երաժշտությունն է թելադրում ինչ խոսքեր գրել, շատ է օգնում նաեւ այն, թե ո՞ւմ համար եմ գրում. երբ ճանաչում եմ նրանց, գիտեմ նրանց պատմությունը, կարող եմ ավելի զգացմունքային ստեղծագործել:
-Գայանե, հետաքրքիր է՝ Ձեզ համար նշանակություն ունի՞, թե ում համար եք ստեղծագործում: Կառանձնացնե՞ք անուններ մեր շոու բիզնեսից, ո՞ւմ հետ եք առավել հաճույքով աշխատում:
- Ինձ համար կարեւոր է այն, որ երգիչը այն կատարի հոգով, կարեւոր է, որ ապրի այն երգը, որի վրա ես աշխատել եմ: Օրինակ վերջերս Անդերի «Իմ հայելին» երգը գրելիս Անդրեն ինձ տվել է այն ամենն, ինչ ապրել եմ ստեղծագործեիս: Այն հույզերը, որոնք ապրում եմ երգը գրելիս, հետո երգիչը վերադարձնում է ինձ իր էներգիայով: Իհարկե, կան սկզբունքներ՝ որոշակի ոճ կա, որում ես չեմ ստեղծագործի, երգիչներն էլ գիտեն, թե որ երգի համար ում դիմեն:
-Կցանկանայի ընդհանուր կերպով պատմեք ընթացիկ աշխատանքների եւ ապագա ծրագրերի մասին:
- Հավանաբար մարտ ամսին լույս կտեսնի իմ՝ «Վերեւում» խորագրով բանաստեղծությունների գիրքը: Այստեղ տեղ կգտնեն իմ բանաստեղծությունների 100-ից ավելի շարքը, որոնք ես գրել եմ 7-րդ դասարանից: Բացի այս, ունեմ երկու գեղարվեստական ֆիլմի առաջարկ, որոնցից մեկի նկարահանումները կսկսենք տասն օրից, իսկ մյուսի նկարահանումները կմեկնարկեն փետրվարից:
-Գայանե, հատկապես վերջին շրջանում անընդհատ քննարկվում են այն լուրերը, որ դուք եւ երգիչ Էրիկը ժամանակին սիրավեպ եք ունեցել, կցանկանայի լսել Ձեր մեկնաբանությունը այս թեմայի շուրջ:
- Անկեղծ ասած շատ զարմանալի է, երբ խոսում են մի բանից, որն արդեն մոռացվել է եւ անցյալում է: Մեր մեջ իրականում եղել է ոչ թե սիրավեպ, այլ տարիների ընկերություն՝ շատ անկեղծ սիրով: Ինձ համար սիրավեպ բառը շատ կոպիտ է հնչում: Մենք միասին շատ լավ ու գեղեցիկ տարիներ ենք ունեցել, որոնք հիմա հիշելիս պարզապես ժպտում եմ:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում