▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գայանե Ասլամազյանը` ամուսնալուծության և որդուն միայնակ մեծացնելու դժվարությունների մասին

​​​​​​​

Blognews.am-ը գրում է.

«Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն այսօր նշում է 40 ամյակը։ Հաղորդավարուհու կյանքի կարևորագույն մասն իր որդին է՝  Ալեքսանդրը, ում լավ ապագան երաշխավորելու համար մայրիկն ամեն բան անում է։ Այդ ճանապարհին Գայանեն բավականին խիստ է։ Կայքի հետ անկեղծ զրույցում Գայանեն խոսել է որդու հետ հարաբերությունների, խստության, միայնակ մայր լինելու բարդությունների և ամուսնալուծությունից հետո իր կյանքում ստեղծված իրավիճակի մասին։

- Գայանե, Դուք միայնակ եք մեծացրել Ձեր որդուն, ի՞նչ խնդիրների եք բախվում։

- Ես, իհարկե, շատ բարդությունների եմ բախվել այս ընթացքում, որովհետև փոքր ժամանակ փոքր խնդիրներ են, մեծ ժամանակ՝ մեծ։

Իհարկե, շատ ճիշտ է, երբ ընտանիքն ամբողջական է լինում, ցավոք, մեզ մոտ այդպես չի ստացվել։ Բարեբախտաբար, որդիս շփում ունի իր հոր հետ, ինչը շատ դրական և կարևոր փաստ եմ համարում։ Ամեն դեպքում, քանի որ հայրը երկրում չէ, այդ բացը լրացնում է քավորը, որպեսզի որդիս տղամարդու բացակայություն չզգա։ Նա շատ ուշադիր է, ես կասեի՝ պատվավոր քավոր է, որովհետև մեր ընկերական շրջապատի բոլոր երեխաների համար պատասխանատվությունն ինքն է կրում Աստծո առաջ և տղայիս լավագույն ընկերն է։

- Երեխային միայնակ մեծացնելը ոչ միայն հոգեբանորեն է բարդ, այլև ֆինանսապես։ Այս առումով ի՞նչ ճանապարհ եք անցել։

- Իմ կյանքն արդեն էսպես է դասավորվել։ Ես իմ ընտրությունն արել եմ երիտասարդ տարիներին, հետագայում կրկին իմ ընտրությունն եմ արել։ Ես երբևէ ոչ մեկի չեմ մեղադրում, ապրում եմ էնպես, ինչպես ապրում եմ։

Իհարկե, ճանապարհին ունեցել եմ խնդիրներ, ինչպե՞ս կարող էի չունենալ։ Եկեք չմոռանանք, թե որ երկրում ենք ապրում մենք։ Այն տարիներին, երբ ես էի ամուսնալուծվում, հասարակությունն այդ հարցին այնպես չէր նայում, ինչպես հիմա։ Այդ որոշումն ընդունելն արդեն իսկ բավականին բարդ էր՝ չհաշված, որ այդ տարիներին պետության, երկրի վիճակն էր վատ։ Ես ունեմ եղբայր, ով սկզբնական շրջանում թև ու թիկունք դարձավ ինձ, մինչև կարողացա գտնել ինձ, ինքնադրսևորվել և հաստատվել։

Ես իմ ամուսնալուծությունից հետո մտա հեռուստատեսություն, որդիս 2 տարեկան էր։ Ես հեղինակում էի ծրագիր փոքրիկների մասին, իմ աշխարհը ներդաշնակ էր. ես արվեստաբան էի, ով ներկայացնում էր հայ արվեստը փոքրիկներին, որովհետև իմ աշխարհն այդ ժամանակ լցված էր իմ տղայով։ Մինչ օրս էլ այդպես է։ Հետագայում ինչ-որ փոփոխություններ եղան, ես դարձա այն, ինչ դարձա։

- Աշխատանքը հեռուստատեսությունում հոգեբանական փրկության օղա՞կ դարձավ։

- Ես ճիշտ չեմ համարում, երբ մարդն ամուսնալուծվում է և ուրիշ տեղում փրկության օղակ է փնտրում։ Ավելի լավ կլինի, որ ընդհանրապես ամուսնալուծություն չլինի: Ես իմ բնույթով դժվարությունները հաղթահարող եմ։ Ես անընդհատ դժվարությունների մեջ եմ՝ սկսած բնակարանային խնդիրներից, որ կան մեր պետությունում, բայց հաճախ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ունեն նման խնդիրներ, և հասկանում եմ, որ ես ավելի պինդ ու ուժեղ եմ նույնիսկ շատ տղամարդկանցից։ Երբ ես հետ եմ նայում և տեսնում եմ՝ ինչ խնդիրներ եմ հաղթահարել, հասկանում եմ, որ իսկապես բարդ էր։ Ես մարդ եմ, ով ստեղծում է, բայց այդ ընթացքում կարող է նաև կոտրվել, որովհետև դու անընդհատ պայքարում ես, և դա կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ես պայքար ունեցել եմ ամեն ինչում՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական, թե՛ բնակարանային հարցերում, ի վերջո, մարդ եմ։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ  հաղթահարում եմ այդ ամենը, կարողանում եմ ուրախ, հպարտ գնալ առաջ։ Կարևոր է նաև, որ կողքիններդ երբեք չնկատեն, որ դու շատ ծանր վիճակում ես։

- Ամուսնալուծությունը, միայն մոր խնամակալության տակ լինելը սթրես է երեխայի համար։ Ինչպե՞ս եք հաղթահարում դա։

- Ամեն դեպքում ես մենակ չեմ, մենք ունենք շատ անձնանվեր տատիկ, քավոր, ի վերջո, մենք շատ լավ հարաբերություններ ունենք իր հայրիկի հետ։ Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ չի կոտրվել այդ ամենը։ Շատ ուրախ եմ, որ իր հայրիկը կարողացել է գտնել իր կյանքի երկրորդ կեսին, ունի 3 բալիկ, կապ է պաշտպանում մեր որդու հետ։ Ինձ ուրախացնում է, որ իրենք շփվում են։ Որդիս ունի քույրեր և եղբայր, պարբերաբար մեկնում է նրանց մոտ։ Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել արգելել շփումը, քանի որ դա սխալ եմ համարում։ Նա շատ լավ հայր է, շատ լավ մարդ և իրավունք ունի շփվելու որդու հետ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее