Առկա է նախաձեռնություն ապրիլի 2-ին ընտրողներին տեղափոխող գազելները և ավտոբուսները մեր անձնական մեքենաներով գաղտնի հետևելու և տեսանկարահանելու վերաբերյալ, ինչը կօգնի ունենալ կրկնաքվեարկությունները և բազմաքվեարկությունները հաստատող փաստեր:
Նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ բազմիցս ֆիքսվել են դեպքեր, երբ «ցուցակներում» ներառված ընտրողներին տեղափոխում են ավտոբուսներով, գազելներով և նմանատիպ փոխադրամիջոցներով:
Իսկ լրատվամիջոցներով վերջերս հրապարակված «Կեղծիքի մեխանիզմը» վերնագրով հոդվածից կարելի է ենթադրել, որ այս ընտրությունների ժամանակ ևս մարդկանց գազելներով ու ավտոբուսներով կտեղափոխեն մի ընտրատեղամասից մյուսը, որպեսզի միևնույն անձը տարբեր նույնականացման քարտերով մի քանի անգամ քվեարկի: Սակայն ոչ թե ՀՀ-ում չգտնվող անձանց փոխարեն, այլ ընտրացուցակներում ներառված, սակայն իրականում գոյություն չունեցող անձանց փոխարեն:
Ու հավանական է, որ ապրիլի 2-ին մատնահետքերի սարքերը չեն բացահայտի միևնույն անձի կողմից տարբեր ընտրատեղամասերում քվեարկությունները:
Բացի այդ, նախորդ ընտրությունները ցույց են տվել, որ ընտրախախտումները հիմնականում տեղի են ունենում ընտրատեղամասերից դուրս գտնվող մասում, ուստի և նախաձեռնությունն ուղղված է ընտրախախտումների դեմ պայքարել դրսում՝ տեսախցիկներով զինված:
Նախաձեռնող խումբ


