▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գարիկ Սարգսյանն իրեն 1 մլն 200 հազար դրամ պարգևավճար է գրել, մտահոգի՞չ չէ»․ հարց՝ Ռոմանոս Պետրոսյանին

Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը տարվերջին իրեն պարգևավճար է գրել՝ ստանալով 1 մլն 200 հազար դրամ, մտահոգիչ համարո՞ւմ եք այս փաստը. հարցն ուղղվեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին․ «Համաձայն ՊՎԾ մասին օրենքի նախագծի՝ ՏԻՄ-երի կողմից պետական միջոցների տնօրինման մասով մեր լիազորություններն ահագին ընդլայնվել և հստակեցվել են։ ՏԻՄ-երը, թեպետ սահմանադրորեն մեր երկրում անկախ են, սակայն ՊՎԾ-ին որոշ լիազորություններ են վերապահվել պետական միջոցների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար որոշակի վերահսկողություն իրականացնել։ Եթե օրենքն ուժի մեջ մտնի, կկարողանանք որոշ ՏԻՄ-երում, այդ թվում Վեդիում, որոշակի վերահսկողություն իրականացնել և պատշաճ պատասխանել ձեզ»,- ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ եթե տարվա կտրվածքով է Գարիկ Սարգսյանի պարգևավճարը կազմել 1 մլն 200 հազար դրամ, ապա դա այդքան էլ դատափետելի չէ։

***

«Այդ դրվագը չեմ կարող մեկնաբանել, տեղեկացված չեմ, զբաղված եմ եղել և լրահոսին չեմ հետևել»,- լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ադրբեջանական երգ երգող օտարերկացիների տեսանյութը հրապարակող անձին ձերբակալում են, ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Լրագրողները մանրամասն տեղեկացրեցին, թե հարցն ինչին է վերաբերվում, որից հետո Պետրոսյանն ուղղակի չպատասխանեց՝ ասելով, որ որպես ՊՎԾ ղեկավար լիազորված չէ գնահատականներ տալու ՔԿ-ի գործողություններին, իսկ որպես քաղաքական գործիչ չի մեկնաբանի այդ երևույթը։

***

«Ստիպված ենք եղել «Հետք»-ին և նրա ինֆորմատոր՝ ՊՎԾ նախկին աշխատակցին դատի տալ՝ զրպարտանքի համար և հերքման, ինչպես նաև բարոյական վնասի փոխատուցման պահանջով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

Հիշեցենք՝ ՊՎԾ-ն հայտնել էր, որ դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» լրատվամիջոցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և ընդդեմ նախկին աշխատակցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջներով:
«Հայցի փաստական հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Հետք» կայքում և «Հետք» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է նյութ՝ «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերտառությամբ, որտեղ մասնավորապես նշվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում: Տվյալ նյութի շրջանակներում, ՊՎԾ նախկին աշխատակիցն էլ «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ իբրև օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել»:
«Սա առաջին դեպքն է, որ լրատվականին դատի եմ տվել, սակայն մեր բարի համբավը թանկ ենք գնահատում և պետք է ապացուցենք, որ «Հետք»-ի և ՊՎԾ-ից նեղացած հեռացած աշխատակցի ձևակերպումները սխալ են»,- ասաց Պետրոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее