Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հաստատել է, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ ծրագրվում է եռակողմ հանդիպում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, հավելելով, որ հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն:
«Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով ծրագրվող եռակողմ հանդիպման մասին Փաշազադեի ապրիլի 12-ի հայտարարությանը՝ Վեհափառը ասել է․ «Գիտեք, որ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման առաջին օրվանից Մեր երջանկահիշատակ նախորդները, ապա եւ Մենք, միջնորդությամբ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքների, պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` համատեղ ջանքերով նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր գահակալության շրջանում տեղի են ունեցել այդպիսի հինգ հանդիպումներ: Ներկայիս, միջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո՛, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի եւ օրակարգի ձեւավորման ուղղությամբ կողմերի միջեւ աշխատանքներ են տարվում»:
Փաշազադեն նաեւ անդրադարձել է հայկական կողմի ջանքերով Շուշիի մզկիթի վերականգնմանը՝ պնդելով, թե հայերը դա անում են սադրիչ նպատակներով, եւ տեղեկացնելով, որ հարցը բարձրացնելու է Մոսկվայում ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նիստին: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այս մոտեցմանը Հայ եկեղեցին, Ամենայն Հայոց կաթողիկոսը պատասխանել է․ «Անշուշտ, Ալլահշուքյուր Փաշազադեն ազատ է բարձրացնել ցանկացած խնդիր, ինչը եւ հաճախ անում է` տուրք տալով նաեւ ադրբեջանական քարոզչամեքենայի պահանջներին:
Պատմական փաստ է, որ, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որ ոչնչացնում է հայկական հետք պարունակող ցանկացած հուշարձան եւ սրբավայր, ինչպիսին էր պարագան օրինակ` հայոց հավատքի վկա Ջուղայի հազարավոր խաչքարերի կործանման, Բաքվի հայկական եկեղեցու` գրապահոցի վերածման, Նախիջեւանի մեր վանքերի եւ եկեղեցիների ավերման, Արցախի իշխանությունները պահպանում ու վերականգնում են Արցախի հողում գտնվող իրենց պատմական ժառանգությունը, նաեւ այլ կրոնների պատկանող սրբավայրեր եւ հուշարձաններ: Շուշիի մզկիթի վերականգնման վերաբերյալ գոհունակություն արտահայտելու փոխարեն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի կողմից դրսեւորված ընդվզումը եւ դրա հիմնավորումը Մեզ համար անընկալելի է: Արդար եւ ազնիվ կլիներ այն արտահայտել սեփական երկրի տարածքում գտնվող հայկական սրբավայրերի եւ հուշարձանների նկատմամբ գործվող բարբարոսությունների առնչությամբ»:


