▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Բ-ն արարող ձեռքեր է փնտրում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ 2018 թ. հռչակվել է Երիտասարդության տարի, ինչի առիթով  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները ներկայացրել են «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը, որն էլ հավանության է արժանացել:

2018 թ. ողջ ընթացքում իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ արվեստագետներին՝ հանրության առջև հանդես գալու, ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, մտորումները և գալիքի իրենց տեսլականը: Թեմատիկան ազատ է,  ընդգրկում է կերպարվեստի բոլոր ճյուղերը (գեղանկար, քանդակ, լուսանկար և այլն):

«Բոլորը իրենց արվեստն ազատորեն ներկայացնելու հնարավորություն ունեն: Մասնակիցները նորավարտ են, կան նաև ուսանողներ: Ընդունում ենք բոլորի հայտերը, բայց հորդորում ենք ներկայացնել իրենց հաջողված ու լավագույն գործերը: Յուրաքանչյուր ամիս ունենալու ենք երկու ցուցահանդես:  Մեկ գաղտնիք ուղղակի բացահայտեմ.ամենավերջում ամփոփիչ ցուցահանդես կկազմակերպենք, որի ժամանակ էլ մենք թեմա կառաջարկենք, իսկ սա հիմք կհանդիսանա, որ իրենք մեզ հետ կապի մեջ լինեն, ինչու ոչ՝ եկեղեցական տարբեր կառույցների առաջարկներն իբրև պատվեր իրականացնեն»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ եկեղեցական կառույցների օգնությամբ տարվա ընթացքում իբրև ուխտավորներ շատ երիտասարդներ կգան Հայաստան, կդիտեն նաև իրենց հասակակիցների աշխատանքները: Արդեն հայտեր եղել են ԱՄՆ-ից,  Ֆրանսիայից, Ռուսասատնից:

Բացումը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը` 15:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին հարկի սրահ):

Անի Կարապետյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее