Գարեգին Երկրորդի եղբորն ու եղբորորդուն փորձում են տանել կալանքի. փաստաբան Արա Զոհրաբյանն է ֆեյսբուքյան իր էջում գրում
ՏԵՍԱՆՅՈՒԹՈՎ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ: ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՂԲՈՐԸ ԵՎ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՏԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԻ
Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:
Այսօր քննչական մարմինը 68 ամյա Գևորգ Ներսիսյանինին և որդուն՝ Համբարձում Ներոիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:
Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ:
Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:
Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը:
Հարգելի քննիչներ եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի:
Այս ամեն ինչը ժամանակավոր է:
***
Լրագրող Լիա Սարգսյանն էլ նույն թեմայով գրել է․
«Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, թե Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, և նրա որդին՝ Համիկ Ներսիսյանը խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչությանը։
Քննչական մարմինը նույն օրը որոշում է կայացրել Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին ձերբակալելու մասին՝ նրանց մեղադրելով խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ։Սակայն միջադեպից առկա տեսանյութերը ապացուցում են, որ որևէ կոնֆլիկտ չի եղել․ ակնհայտ երևում է, որ կողմերը պարզապես զրուցել են և խաղաղ բաժանվել։
Դեպքը տեղի է ունեցել Ներսիսյանների տան դիմաց: Այսինքն՝ հիշյալ անձը առնվազն սեփական նախաձեռնությամբ գնացել է Ներսիսյանների տան մոտ:
«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Կաթողիկոսի հարազատներն ինքնակամ ներկայացել են քննչական բաժին:
Հարություն Մկրտչյան, եթե ձեր ձեռքի տակ կան փաստեր այն ամենի մասին, ինչ գրել եք՝ փոխանցեք՝ սիրով կհրապարակեմ:


