▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանն է որոշելու, թե ովքեր կդառնան պատգամավոր, բայց կոլեգիալ քննարկում կլինի

 

armtimes.com-ը գրում է. Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կամ «Ծառուկյան» դաշինքում անորոշ իրավիճակ է տիրում այն առումով, որ դեռևս հայտնի չէ, թե ովքեր են ստանալու այդ ուժին բաժին հասնող 30 մանդատը և դառնալու պատգամավոր:

Իհարկե, կան թեկնածուներ, որոնք անպայման մանդատ ստանալու են, բայց ռեյտինգային կամ համամասնական ցուցակում կան մարդիկ, որոնք մինչև հիմա էլ չգիտեն՝ պատգամավոր կդառնան, թե՝ ոչ:

Բնականաբար, մանդատ կստանան Գ. Ծառուկյանի փեսաները՝ Արգամ Աբրահամյանն ու Դավիթ Մանուկյանը, ինչպես նաեւ Իշխան Զաքարյանն ու Վարդան Բոստանջյանը: Մանդատ կստանան նաև ցուցակի կին թեկնածուները, բայց դեռ վերջնականապես հստակ չէ, թե, օրինակ, ինչպես կորոշվի Երևանի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածուներ Նապոլեոն Ազիզյանի, Վահե Էնֆիաջյանի կամ Արարատ Զուրաբյանի մանդատ ստանալու հարցը:

Դաշինքում շատերը տեղյակ չեն, թե իրենց համար ինչ է որոշել իրենց ղեկավար Գագիկ Ծառուկյանը և այդ որոշման մասին երբ կհայտնի: Ավելին, դաշինքից որևէ մեկը չի ցանկանում խոսել ոչ միայն այդ, այլև ուրիշ այլ հարցերի մասին: Նրանք խորը ընդհատակ են անցել:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրեր առաջ հրաժարվել էր լրագրողների հարցերին պատասխանելուց՝ ասելով, թե «Նույնիսկ եղանակի տեսության մասին ինձ հարցեր չտաք»: Նույնը նաև դաշինքի այն անդամները՝ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լյովա Խաչատրյանը, որոնք մամուլի հետ քիչ, թե շատ շփվում էին: Անգամ Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Ծառուկյանն է դադարել լրատվամիջոցներին մեկնաբանություններ տալուց:

Իսկ մինչ ծառուկյանականները լռում են, թափ են առնում տեղեկություններն այն մասին, որ Գ. Ծառուկյանը միանձնյա է որոշում, թե իր ցուցակի որ անդամն է պատգամավոր դառնալու, որը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ կամ փոխնախագահ: Եվ հատկապես ով է լինելու ԱԺ փոխնախագահը: Նոր Սահմանադրության համաձայն ԱԺ փոխնախագահների թիվը մեկով ավելացվել է, և այն տրվել է ընդդիմությանը: Տվյալ դեպքում, դա բաժին է հասնելու «Ծառուկյան» դաշինքին, քանի որ խորհրդարանում այդ ուժն է ունենալու թվով ամենամեծ ոչիշխանական խմբակցությունը:

Կարծիք կա, որ լավագույն դեպքում Գ. Ծառուկյանն ԱԺ գնացող թեկնածուների հարցը քննարկում է Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հետ: Իհարկե, առանձին-առանձին: Հասկանալի է, որ եթե Գ. Ծառուկյանի առաջարկած՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուն Ս. Սարգսյանին դուր չեկավ, նա չի ընտրվի այդ պաշտոնում: Իզուր չէ, որ դեռ մինչև ընտրություններն էլ խոսակցություններ կային, թե «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը համաձայնեցվել է Ս. Սարգսյանի հետ:

Իսկ «Ծառուկյան» դաշինքի վերաբերյալ մեզ հաջողվեց մի քանի հարց ուղղել միայն նախընտրական ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանին:

-Պարոն Բոստանջյան, ե՞րբ հայտնի կդառնա, թե ձեր ցուցակից ովքեր են մանդատ ստանալու:

- Հավանաբար մյուս շաբաթվա վերջը նոր բոլոր քաղաքական ուժերն էլ կասեն, թե ովքեր են անցնելու ԱԺ: Հավանաբար՝ նախապես նիստ կհրավիրվի ու այդ մասին կասվի: Պարզապես, մինչև օրս մարդիկ կային, որ դեռ չէին որոշել մտնելու-չմտնելու, ցանկանալ-չցանկանալու հետ կապված հարցերը:

- Տպավորությունն այնպիսին է, որ ձեր դաշինքի անդամներին հանձնարարվել է չխոսել, դրա համար մեկնաբանություններ և տեղեկություններ չեն տրվում:

- Այնպես չստացվի, որ ես եմ շատախոսը, մյուսները հավանաբար այս փուլում հակված չեն խոսելու, բայց չեմ կարծում, որ նման բան կա:

- Գ.Ծառուկյա՞նն է, որոշելու, թե ով պետք է մանդատ ստանա:

- Կոլեգիալ կերպով կորոշվի, բայց Գ. Ծառուկյանն ունի ծանր ու ավելի ազդեցիկ խոսք: Բնական է, որ այդպես պետք է լինի:

- ՀՀԿ-ից, օրինակ, նկարներ են ուզել նրանցից, ով պետք է մանդատ ստանալ: Ձեզ մոտ նման գործընթաց չկա՞, որ հասկանաք, թե ովքեր են ԱԺ գնալու:

- Ինձ դեռ այդ մասին չեն ասել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее