Asekose.am-ը ներկայացնում է Աննա Հակոբյանի բաց նամակը` ուղղված ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:
Բաց նամակ կրթության և գիտության նախարարին
Հարգելի՛ Լևոն Մկրտչյան, դիմում եմ Ձեզ որպես Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի նախկին ուսանողի մայր:
Մի քանի օր առաջ Դուք հանդիպել եք Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտի հետ, որի ժամանակ բարձրաձայնեցիք ֆրանկոֆոնյան արժեքներին գերապատվություն տալու գաղափարը:
Ոգեշնչված լինելով Ձեր և ՀՀ նախագահիկողմից բազմիցս կարևորված այս մտքով՝ մենք որոշեցինք, որ մեր երեխաները պետք է սովորեն ֆրանսիական ուսումնական հաստատություններում. որդիս երեք տարի սովորեց ֆրանսիական լիցեյում, սովորելուց հետո բավականին բարձր նիշերով ընդունվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ երազելով դառնալ հայրենիքին օգտակար մարդ:
Համալսարանում ուսանելու ընթացքում իմ որդին ցուցաբերել է ֆրանսերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր քննություններից ստացել է 17, ինչը շատ բարձր ցուցանիշ է տվյալ համալսարանի համար), ինչպես նաև հիացրել է դասախոսներին իր ռուսերենի և անգլերենի իմացությամբ: Սակայն, դժբախտաբար, ուսումնական տարվա ընթացքում որդիս ունեցավ լուրջ առողջական խնդիրներ, որոնց մասին վկայող բժշկական փաստաթղթերը ես պարբերաբար և շատ պարտաճանաչորեն ներկայացրել եմ համալսարան:
Ուզում եմ Ձեզ հարցնել՝արդյո՞ք կարելի է մեկ օրում նշանակել երկու ամենածանր և ծավալուն մասնագիտական առարկաներից քննություններ (մեկը՝ ժամը 9:30, մյուսը՝ 13:00):
Որդիս, լինելով շատ ծանր ֆիզիկական վիճակում, մասնակցել է առաջին քննությանը, սակայն երկրորդին մասնակցել չի կարողացել, քանզի բարձր ջերմության պատճառով կորցրել է գիտակցությունը:
Հենց այդ օրը ես այցելեցի համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդրային՝ ներկայացնելով նրան տղայիս տվյալ օրվա ծանր վիճակի մասին վկայող բժշկական փաստաթուղթ և ամիսների ընթացքում տղայիս տևական բժշկական հսկողության տակ լինելու մասին փաստաթղթեր՝ խնդրելով նրան թույլ տալ հանձնել բաց թողնված քննությունը հենց հաջորդ օրը: Նա անտեսեց ներկայացված փաստաթղթերը և մերժեց ինձ:
Քանի որ բացթողնված քննություննուներ ամենաբարձր կրեդիտային արժեքը և համարվեց զրո, իմ տղայի գումարային նիշը կազմեց 9,2 (10-ի փոխարեն), և նա չփոխադրվեց երկրորդ կուրս:
Արդյունքների հրապարակումից հետո ես նույն օրն այցելեցի ֆրանսիական համալսարան՝ անարդարության վերաբերյալ իմ անհամաձայնությունը հայտնելու և բացթողնված քննությունը վերահանձնելու իրավունք ստանալու: Համալսարանը դատարկ էր, և երկար օրեր համալսարանի դատարկ սենյակների դռները թակելուց հետո վերջապես իմացա, որ ոչ ոք աշխատանքի չի գալիս, արձակուրդում են: Համալսարանի՝ տնտեսական գծով պրոռեկտոր պարոն Մեյրոյանը (նա միակ մարդն էր, ով ներկա էր համալսարանում), տեսնելով իմ ամենօրյա ապարդյուն այցերը, լսելով իմ հիմնավորումները, մեծահոգաբար խորհուրդ տվեց ինձ էլեկտրոնային նամակ գրել իրավագիտության ֆակուլտետի դեկան տիկին Կարին Հովսեփյանին և տրամադրեց վերջինիս տվյալները:
Նույն օրը՝ օգոստոսի 5-ին, ես նամակ գրեցի տիկին Հովսեփյանին՝ մանրամասնելով իրավիճակը և կցելով բոլոր բժշկական փաստաթղթերը: Ընդ որում, պարոն Մեյրոյանն իմ ներկայությամբ հեռախոսազրույցում զգուշացրեց դեկանին, որ իրեն գրելու է շատ բարձր նիշերով ընդունված ուսանողի մայր: Սակայն պատասխան այդպես էլ չստացա:
Սեպտեմբերի 1-ին՝ ամբողջ օրվա մեջ, ես այդպես էլ չկարողացազ րուցել տիկին Հովսեփյանի հետ, ով այդ ժամանակ արդեն ստանձնել էր նաև համալսարանի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Միայն սեպտեմբերի 6-ին տիկին Հովսեփյանը միջանցքում բարեհաճեց ինձ ասել, որ իմ տղային թույլ չեն տալիս հանձնել բացթողնված քննությունը: Իր արհամարհական պատասխանից հետո ես պահանջեցի ընդունելություն, ինչից հետո նա դժկամությամբ համաձայնեց լսել ինձ հաջորդ օրը: Երբ հաջորդ օրը ես ցանկություն հայտնեցի տեսնել ռեկտորին, նա խոչընդոտեց: Այն բանից հետո, երբ ես, իմանալով, որ նա նույնիսկ չի ծանոթացել իմ նամակին, զգուշացրի, որ ես կբողոքեմ տարբեր ատյաններ, նա ասաց, որ կզանգահարի ինձ: Նշեմ, որ ես բազմիցս փորձել եմ հանդիպել ռեկտորի հետ և չեմ կարողացել. ռեկտորի օգնականն ինձ ներս չի թողել:
Սեպտեմբերի 10-ին ինձ զանգում է դեկան Հովսեփյանը և հայտնում, որ հաջորդ օրը որդիս ունի հնարավորություն առարկան հանձնելու՝ չտալով նրան հնարավորություն նույնիս կկրկնելու վաղուց անցած նյութը:
Տոմսը պարունակում էր 2 հարց. 2-ի շուրջ էլ տղաս գրում է, ինչից հետո ստանում է 0,2 նիշ:
Երբ հաջորդ օրը ես, երկար ժամեր սպասելուց հետո, վերջապես հանդիպեցի դեկան Հովսեփյանին՝արտահայտելով իմ կարծիքը միտումնավորության և անարդարության վերաբերյալ, լսեցի պատասխան, որ սա հայկական ԲՈՒՀ չէ, և այստեղ հայկական կարգերը չենգործում:
Այս իրադարձություններից հետո խիստ հիասթափություն ապրելով «ոչ հայկական կարգերից»՝ մենք տանում ենք իմ դստերը ֆրանսիական դպրոցից:
Իմ որդին, բացի ֆիզիկականից, ձեռք է բերել նաև նյարդային խնդիրներ՝ խորը հիասթափվելով և հոգեպես կոտրվելով:
Այսպիսով, միայն մեր ընտանիքից 3 երեխա դուրս մնացին ֆրանկոֆոնյան զարգացման ծրագրից միայն նրա համար, որ Հայաստանի ֆրանսիական համալսարանում անտեսվում և արհամարհվում են ինչպես ուսանողի իրավունքները, այնպես էլ Հայաստանը՝ որպես պետական կառույց:
Հուսով եմ, որ Դուք կնպաստեք արդարության վերականգնմանը:


