lragir.am-ը ներկայացրել է  քաղաքացու բաց նամակ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին.
Հարգելի  պ-ն Հայրապետյան, ընթերցելով Ձեր վերջին հարցազրույցները, ստացա այն  տպավորությունը, թե հարցազրույց է տալիս Հայաստանի հավաքականի գլխավոր  մարզիչը:
Դուք ասում եք, որ չեք միջամտում հիմնական կազմի ընտրությանը,  բայց այն հարցին, թե ինչու չի խաղում Խաչատուրովը, պատասխանում եք, որ լավ  մարզավիճակում չէ, և որ իր խաղալու ժամանակը դեռ կգա: Արդարացիորեն  մատնանշում եք, որ Էդգար Մանուչարյանի ոտքին գնդակը կպավ ընդամենը մեկ  անգամ:
Բայց պ-ն Հայրապետյան, դուք նշանակել եք գլխավոր մարզիչ, խնդիր  եք դրել իր առջև: Եվ ոչ միայն մեր ֆուտբոլի զարգացման առումով, այլ նաև  էթիկայի տեսանկյունից, դուք իրավունք ունեք քննադատել միայն ու միայն  գլխավոր մարզչին, քանզի գլխավոր մարզիչն է պատասխանատու այն ամենի համար,  ինչ կատարվում է խաղադաշտում: Հակառակ պարագայում կարող եք ինքներդ մարզել  հավաքականը. վերցնում եք երկու օգնական մարզիչներ, մեկը' ֆիզ.  պատրաստության գծով, մյուսը' տակտիկական մոտեցումները մշակելու գծով և  վերջ. ինչու եք փչացնում Մինասյանին որպես մարզիչ. ափսոս է:
Իսկ հիմա ամենակարևորը' բազմաթիվ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվի ֆուտբոլի ֆեդերացիան:
Օրինակ'  Հայաստան - Չեխիա պարտության հիմքը դրեցիք հենց Դուք պ-ն Հայրապետյան,  հայտարարելով, որ խաղը կանցնի Հանրապետական մարզադաշտում, քանզի Հրազդան  մարզադաշտում տրիբունաները կիսադատարկ է երևում, իսկ այդ նույն քանակի  մարդկանց պարագայում Հանրապետականը լեփ լեցուն է, և դա կարևոր է թիմի  համար:
Այո, լեփ լեցուն մարզադաշտը շատ կարևոր է, էլ ավելի կարևոր է թե  որքան մարդ է աջակցում մեր թիմին՝ 15000, թե 50000: Իսկ ինչու չեք  կարողանում լցնել Հրազդան մարզադաշտը: Այո, հենց այս խնդիրը պիտի լուծի  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Կարծում եմ, Ձեր այսօրվա մոտեցումներով և  գործելաոճով այդ խնդիրը երբեք չի լուծվի: Դուք հույսը դրել եք միայն  ֆուտբոլի մոլի երկրպագուների վրա և ֆուտբոլը համեմատում եք Թաթայի համերգի  հետ, ու զարմանում՝ համերգին թանկ տոմսերով գնում են, իսկ ֆուտբոլին' ոչ:  Այդպես հեռու չենք գնա:
Ֆուտբոլն ու համերգը բացարձակապես տարբեր  երևույթներ են: Որպեսզի ֆեդերացիան լցնի Հրազդան մարզադաշտը պետք է  համապատասխան քայլեր ձեռնարկի: Դուք մեր թիմից պահանջում եք հաղթել  Իտալիային, որ մոռանանք Մալթայից պարտությունը: Բայց որպեսզի տղաները  հաղթեն Իտալիային, դուք էլ պետք է կարողանաք Հրազդան մարզադաշտը առաջիկա  խաղերին լցնել հանդիսականներով:
Ես բախտ եմ ունեցել հետևել ԽՍՀՄ  ֆուտբոլի առաջնությունը, և չնայած մենք անգիր գիտեինք, թե երբ և ում հետ է  մրցելու Արարատը, բայց Հայաստանի բոլոր քաղաքների բազմաթիվ շենքերին  փակցված էին աֆիշաներ, և տոմսերը կարող էիր գնել ցանկացած կրպակից: Իսկ  այսօր նույնիսկ Երևանում հազիվ կարող ես հանդիպել աֆիշաների, տոմսերը կարող  ես գնել սահմանափակ կետերից, իսկ գների մասին էլ չեմ խոսում:
Պ-ն  Հայրապետյան, պետք է ամեն գնով լցնել մարզադաշտը, աշխատել դպրոցների հետ,  երեխաներին տոմսերը տրամադրել ԱՆՎՃԱՐ /երեխան եթե երկու անգամ գա մարզադաշտ  նա ընդմիշտ կկապվի ֆուտբոլի հետ/, պետք է նպաստել երկրպագուների  ձևավորմանը, այլ ոչ թե անել այնպես, որ նույնիսկ կայացած երկրպագուն որոշ  խաղերին չկարողանա տոմս գնել, էլ չեմ ասում, որ գնում է տոմսը և չի  կարողանում մտնել խաղադաշտ:
Ես մատնանշեցի ընդամենը մեկ խնդիր, բայց  խնդիրները շատ են. և ինձ համար կարևոր չէ, թե ինչ ճանապարհով կլուծվեն  դրանք. Դուք հրաժարական կտաք և կգան նոր մարդիկ նոր մտածելակերպով, թե Դուք  ինքներդ կփոխեք Ձեր գործելաոճը. կարևորը, որ զարգանա մեր ֆուտբոլը:
Հարգանքներով՝ Գրիգորի Դոխոյան 
Աղբյուր` lragir.am
      

