▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուսի» ավարտից հետո կշարունակենք աշխատել դերասանների հետ». Արմեն Պետրոսյան

Tert.am-ը հարցազրույց ունի Արմեն Պետրոսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնեւմ ենք ստորև.

Արմեն, 25 տարի է՝ բեմում եք. սկսեցիք որպես դերասան, այժմ անում եք նաև պրոդյուսերական աշխատանք։ Այս ամենին հասել եք ինքնակրթությամբ, սակայն համարվում եք լավագույններից մեկը Հայաստանում։ Ի՞նչ ճանապարհ եք անցել։

 –Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո սկսել եմ զբաղվել հեռուստատեսային աշխատանքով։ Այն ժամանակ համագործակցում էինք «Շարմ» ընկերության հետ, Հանրայինի համար ենք շատ նախագծեր արել։ 5 տարի զբաղվեցի КВН–ով, որից հետո վերադարձա հայկական հեռուստատեսություն։ Միշտ եղել եմ և՛ ստեղծագործական կազմում, և՛ կատարողական՝ որպես դերասան։ Մի քիչ դժվար է հիշել՝ ինչ աշխատանքներ եմ արել 25 տարում։  Շատ նախագծեր կան, որոնք արել եմ, բայց արդեն մոռացել։  Մեկ–մեկ կողքից են հիշեցնում, որ կապ եմ ունեցել  տվյալ նախագծի հետ։

 2002 թվականին հրավեր ստացա աշխատելու «Հայ TV»–ում՝ որպես պրոդյուսեր։ Պետք է կառուցեի մի ալիք, որը նոր էր սկսում իր գործունությունը։ Հիմա այդ ամենը բավականին զարգացած է, այն ժամանակ դրա մասին ընդհանրապես ոչ ոք չգիտեր, չէին հասկանում պրոդյուսեր բառի իմաստն ու նշանակությունը։

 Ես այս ամենից սկսեցի հասկանալ փորձի, ոչ թե ինչ–որ դասընթացների գնալու շնորհիվ։ Իհարկե, շատ եմ կարդացել, սակայն հիմնականում ամեն ինչ հասկացել եմ կյանքի փորձով։ КВН խաղալու տարիներից մենք ամեն ինչ արել ենք մենակ։ Բացի այդ, ունեմ շատ ընկերներ, ովքեր այս ասպարեզում շատ մեծ հաջողությունների են հասել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում։ Այն, ինչ չեմ կարողանում հասկանալ, առանց ամաչելու հարցնում եմ իրենց և ստանում օգտակար պատասխաններ։

Յուրաքանչյուր նախագիծ, որ ես անում եմ, հաշվարկային է։ Պետք է կոնկրետ հաշվարկել՝ նախագիծը հետաքրքիր կլինի և կդիտվի՞, թե՝ ոչ։

Նախագիծը հաշվարկելիս որո՞նք են հաջողության գրավականները։

 –Մի քանի գրավական կա։ Առաջինը համարում եմ սցենարային աշխատանքը։ Գրիգորը, Գարիկը, Արտուշը և Վահանը, ովքեր աշխատում են «Ֆուլ հաուսի» սցենարի վրա, իմ կարծիքով, լավագույններն են այս ասպարեզում։ Երկրորդը դերերի քասթինգն է և, ամենակարևորը, հեռուստադիտողների սրտերին «կպչելը»։ Կարող է շատ ճիշտ հաշվարկով անես ամեն ինչ՝ սցենարը, դերասանները լավը լինեն, ուղղակի հեռուստադիտողերը չդիտեն։

Կարևոր է հասկանալ՝ որ ժամանակահատվածում ինչ է պետք անել։ Չի կարելի ապրել անցյալով։ Շատերն ասում են՝ գիտե՞ք ինչեր էի անում, հիշո՞ւմ եք այսինչ նախագիծս։ Դա սխալ է։ Հիմա պետք է նոր բան անել, մտածել այսօրվա մարդկանց հետաքրքրություններից ելնելով։ Ինչ արել ես, լավ ես արել, բայց դա անցյալում է։

Ունեցե՞լ եք նախագիծ, որը չի կպել հեռուստադիտողների սրտերին։

–Իհարկե։ «Yere1»–ից հետո արեցինք «Երևանցիներ»  նախագիծ, որը տևեց մի եթերաշրջան։ Ուղղակի «չկպավ»։ Հիմա, որ նայում ենք, մեզ դուր են գալիս այն ժամանակ նկարահանած սքեթչերը, բայց չստացվեց։ 

–КВН–ը Ձեզ համար այցեքարտ դարձավ, իսկ ո՞ր նախագծերն էին ամենահաջողվածները Ձեր պրակտիկայում։

– КВН–ը, իրոք, այցեքարտ էր,որովհետև երկար ժամանակ ես բոլորի համար КВН–ի տղան էի, ով անում էր ինչ–որ ծրագիր։ Երբ սերնդափոխություն եղավ, ինձ արդեն հիշեցին, որպես տվյալ դերի կատարող։

Մի քանի նախագիծ է եղել, որով հեռուստադիտողները սկսել են ճանաչել ինձ՝ որպես հայկական հեռուստատեսության դեմք՝ «Բլեֆը», «Yere1»–ը, որը 10 եթերաշրջան է ունեցել, հիմա արդեն «Ֆուլ հաուսը», որը սկսեցին նայել տարիքային տարբեր խմբերի մարդիկ։ Այդ ընթացքում եղել են նաև ժամանակավոր շատ նախագծեր։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее