Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՂՈԹՔ ԶԵՂՉՈՂՆԵՐԸ
Մի կերպ ինձ տրամադրեցի, նայեցի Գառնիում երեկվա մատուցված պատարագանման արարողությունից որոշ կադրեր:
Կաթողիկոսի անվան զեղչման մասին շատ է գրվել ու խոսվել: Նորություն չկար: Սակայն այս հակականոնական «պատարագը» աչքի ընկավ Պատարագից մի մեծ հատված ընդհանրապես հանած լինելով: Նախ, սարկավագ/դպիրները Թեմի առաջնորդի ու մեկ այլ արքեպիսկոպոսի ներկայությամբ չաղոթեցին Հայրապետի համար, ինչը մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամների ուղիղ ոտնահարում է՝ այն է աղոթել բոլորի համար, այդ թվում ատողների և հալածողների համար, նույնիսկ սիրել թշնամիներին ու բարություն անել նրանց (Մատթ. 5:44, Ղուկ. 6:30): Հետո, քահանան չհիշատակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վերջապես, Սուրբ Խորանի ծառայողները մի ամբողջ հատված պատարագից կամայականորեն կրճատեցին: Նրանք.
1. Գոհութիյուն և փառաբանություն չմատուցեցին Աստծուն:
2. Չխնդրեցին Աստծուն, որ շնորհի սեր, հաստատունություն և փափագելի խաղաղություն ամբողջ աշխարհին, սուրբ Եկեղեցուն և բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին. մեր եպիսկոպոսապետին և Ամենայն Հայոց պատվարժան Հայրապետին, թեմի առաջնորդ արքեպիսկոպոսին, և «պատարագը» մատուցող քահանային:
3. Չաղաչեցին և չխնդրեցին Տիրոջը քրիստոնյա թագավորների ու բարեպաշտ իշխանների զորության ու հաղթության համար:
4. Չաղոթեցին նաև ննջեցյալների հոգիների համար, և առավել ևս՝ մեր հանգուցյալ վարդապետների, սուրբ եկեղեցու կառուցողների և նրանց համար, ովքեր հանգչում են եկեղեցու հովանու ներքո։
5. Չխնդրեցին մեր գերի ընկած եղբայրների ազատության համար:
6. Չխնդրեցին Աստծո շնորհը եկեղեցում ներկա ժողովրդի համար:
7. Չխնդրեցին նաև հանգիստ նրանց համար, ովքեր հավատով ու սրբությամբ Քրիստոսով վախճանվեցին։
Ըստ էության, «պատարագիչ» քահանան, սարկավագ/դպիրները «պատարագից» զեղչեցին ոչ միայն Կաթողիկոսի անունը, Թեմի առաջնորդի անունը, այլև «գողացան» աղոթքի մի ողջ հատված, վերածվելով դեպի հերձված տանող պառակտիչների:
ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ. Նման մոտեցում ցուցաբերողները ոչ ընդհանրական Եկեղեցին են գիտակցում ինչ է, ոչ ուղղափառությունը, ոչ աղոթքը, ոչ Պատարագը, ոչ նվիրապետական կարգը, ոչ էլ պատկերացում ունեն, որ այդ կարգի մեջ է միայն գործում Աստծո շնորհը, այն էլ խոնարհության և հնազանդության պայմաններում: Աստծուն եկեղեցուց դուրս հրավիրելով, իրենց երևակայում են շնորհի ինքնաբուխ աղբյուր, գայթակղում անտեղյակ հոտին, մոլորեցնում շատերին: Տիրոջ համար ատելի է ուրացությունը. «Աչքերիս առջեւ անիրաւ բան չդրի, եւ ուրացութիւն անողներին ատեցի» (Սաղմ. 100:3):
Եղիցի ամոթ, Եղիցի ամոթ, Եղիցի ամոթ...»:
Դիտեք նաև՝
***


