Armtimes.com-ը գրում է. Երկարատեւ ընդմիջումից հետո այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց նույն դատարանի նախկին դատավոր, կաշառք ստանալու պահին կալանավորված Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում:
Այս գործով մոտ մեկ ամիս նիստ չէր նշանակվել, քանի որ գործով դատավորը փոխվել է. այժմ գործը մակագրվել է նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանին. Բարսեղյանի գործը քննող դատավոր Կարեն Մարդանյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, եւ դադարեցվել էին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նրա լիազորությունները:
Եթե նախորդ նիստերում Իշխան Բարսեղյանը հարցերին կաշկանդված էր պատասխանում, սակավախոս էր, ապա այս նիստին նա հանդես եկավ երկարաշունչ միջնորդությամբ: Ավելին՝ նա այդ միջնորդությունը ներկայացրեց բարձր տոնով, շեշտադրված առոգանությամբ: Այսպիսով, Իշխան Բարսեղյանը իր միջնորդությունում նշեց, որ գործով դատախազ Կարեն Բիշարյանը պատշաճ մեղադրող չէ, եւ որ պետք է բացառել նրա մասնակցությունն այս գործով դատավարությանը: Նրա պնդմամբ՝ Կարեն Բիշարյանը պատշաճ դատախազ չի կարող համարվել, քանի որ, համաձայն օրենքի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր պարտավոր ներկայանալ դատարան եւ ներկայացնել մեղադրանքի պաշտպանությունը: «Մարդ, ով 20 տարուց ավելի է`այս դատարանում եւ այս դահլիճում եղել է դատավորի՝ դատողի կարգավիճակում, ճակատագրի հեգնանքով այսօր նույն այս դահլիճում հանդես է գալիս ամբաստանյալի, ես կասեի` դատապարտվողի կագավիճակում»,- ասաց նախկին դատավորն ու ուշադրություն հրավիրեց ՀՀ քրեական, դատական, դատախազության մասին օրենքների, իրավական նորմերի վրա:
Իշխան Բարսեղյանը մեջբերեց օրենքի այն կետը համաձայն որի՝ դատավորի վերաբերյալ քննվող գործի դատաքննության ընթացքում դատախազական հսկողություն պետք է իրականացնի գլխավոր դատախազը: Բարսեղյանը հիշեցրեց, որ քրեական օրենսգիրքը դատավորի համար հատուկ իրավանորմ է սահմանել եւ կաշառք ստանալու համար նախատեսում է 7-12 տարի ազատազրկում, մինչդեռ` այդ հանցանքի համար նախատեսված ամենախիստ պատիժը 5 տարին է: «Նման խիստ պատիժ անգամ գլխավոր դատախազի ու այլ պաշտոնյաների համար սահմանված չէ»,- ասաց նա՝ նշելով, որ լավ է ճանաչում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Մենք միասին աշխատել ենք նույն տարածքում, նա` որպես Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, ես` որպես դատավոր: Առանց որեւէ երեսպաշտության` ես խորը հարգանք ունեմ գլխավոր դատախազի հանդեպ`հաշվի առնելով նրա բարձր մարդկային հատկանիշները, սակայն կոնկրետ այս գործով գլխավոր դատախազն ուղղակի պարտավոր էր ղեկավարվել օրենքով եւ սույն գործով անձամբ իրականացնել մեղադրանքի պաշտպանություն»,-հայտարարեց Բարսեղյանն ապա նկատեց. «Եղբա'յր, օրենքով բռնել եք, օրենքով էլ դատեք...Բիշարյանը պետք է հեռացվի վարույթից, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանի Արթուր Դավթյանը»,- պահանջեց նախկին դատավորը:
Նրա միջնորդությունը մերթ ընդ մերթ փորձում էր ընդհատել նախագահող դատավորը, սակայն Բարսեղյանը դատավորին հորդորում էր իրեն չխանգարել եւ թույլ տալ միջնորդությունը ամբողջությամբ ներկայացնել:
Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը ի պատասխան ներկայացված միջնորդության ասաց, որ նախ իր համար անհասկանալի էր՝ ամբաստանյալի ներկայացրածը բացարկի միջնորդություն է, թե` ոչ. «Եթե ես չեմ սխալվում, ամբաստանյալն իր միջնորդությունը եզրափակեց պահանջով առ այն, որ գլխավոր դատախազության աշխատակից Կարեն Բիշարյանին հեռացնեն սույն գործով վարույթից: Նման իրագործելի իրավական կատեգորիա քրեական դատավարությունում չկա»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


