▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2016». 3 հայ 3 տարբեր երկրից

Արմեդիա.am-ը գրում է. Երգի «Եվրատեսիլ» 61-րդ մրցույթը կկայանա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հենց Շվեդիան է հաղթելՎիեննայում կայացած «Եվրատեսիլ 2015» մրցույթում Մոնսա Սելմերլյովի կատարած  «Heroes» երգով: Շվեդիան երաժշտական այս մրցույթը կհյուրընկալի արդեն վեցերորդ անգամ: Նրանից երեք տարի պահանջվեց 2012թ-ի հաջողությունը կրկնելու համար, երբ մրցույթում հաղթել էր շվեդ երգչուհի Լորինը: Մրցույթը կկազմակերպի SVT շվեդական ազգային հեռուստա-ռադիոընկերությունը՝ Եվրոպական հեռարձակողների միության գլխավորությամբ:

«Եվրատեսիլ 2016»-ին կմասնակցեն մրցույթի պատմության մեջ ռեկորդային քանակությամբ մասնակիցներ՝ 43 երկիր: Այս տարի մրցույթ են վերադառնում Բուլղարիան, Բոսնիա և Հերցոգովինան, Ուկրաինան և Խորվաթիան: Նախորդ տարվա նորեկ Ավստրալիան այս տարի ևս հաստատել է իր մասնակցությունը: «Եվրատեսիլ 2016»-ին, սակայն, հրաժարվել է մասնակցել Պորտուգալիան:

Մրցույթի երկու կիսաեզրափակչները տեղի կունենան մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

youtube.com

«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: Նա ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք կիսաեզրափակչում և կներկայացնի "Love Wave" երգը: Երգի երաժշտության հեղինակներն են Լիլիթ և Լևոն Նավասարդյանները, իսկ բառերը հեղինակել են Իվետան և Ստեֆանի Կրաֆչֆիլդը: Երգի տեսանյութը պատրաստել են Հայաստանի Առաջին հանրային հեռուստաընկերությունը և գերմանական «BLACKSHEEP Communications» ընկերությունը:

www.eurovision.tv

Սակայն, Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016»-ի միակ հայ մասնակիցը չի լինելու: Վրաստանն այս տարի ներկայացնելու է հայազգի երաժիշտ Նիկա Քոչարովը՝  YoungGeorgian Lolitaz խմբի հետ: Նշենք, որ խմբի երեք անդամներից ևս երկուսն ազգությամբ հայ են (Գիորգի և Դիմա Հովհաննիսյաններ): Մրցույթում նրանք հանդես կգան "Midnight Gold" երգով:  Նշենք, որ Նիկա Քոչարովը Վալերի Քոչարովի որդին է, ով Վրաստանում առաջին ռոք երաժիշտներից է և «Բլից» խմբի հիմնադիրը, որը ԽՍՀՄ-ում հայտնի էր Բիթլզի երգերի իր cover-ներով:

www.youtube.comՈւկրաինայի ներկայացուցիչ Ջամալան (Սուսաննա Ջամալադինովա) ևս հայուհի է՝ մոր կողմով (հայրը՝ Ղրիմի թաթար): Նա սկսել է երաժշտությամբ զբաղվել դեռ վաղ տարիքից: Երաժշտական դաստիարակություն Ջամալային տվել է գործիքավորող Գենադի Ասատուրյանը, ով նրա մոտ փոքրուց սերմանել է սեր դեպի ջազ երաժշտություն: «Եվրատեսիլ 2016»-ին Ջամալան կներկայացնի "1944" երգը, որն արդեն հասցրել է դառնալ տարաբնույթ հակասությունների պատճառ:

Երեք հայ կներկայացնեն երեք տարբեր երկիր «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթին և, ըստ նախնական կանխատեսումների, կանցնեն եզրափակիչ: Հայկական սփյուքն, անշուշտ, չի կարող անտարբեր մնալ իր հայրենակիցների նկատմամբ: Թող հաղթի լավագույնը…

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее