Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը վստահ է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ոչինչ չի փոխվել և չի փոխվելու:
«Մենք Եվրամիություն ենք արտահանում հատկապես գինեգործական արտադրանք և մինչև 2013 թիվն ունեինք արտոնություններ: Հարկային բարենպաստ ռեժիմում էինք գտնվում: Ի դեպ, դա չփոխվեց, երբ ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, հիմա էլ չի փոխվի: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին , այն մի քիչ մեզ վնասել է խցանների, շշերի ներկրման առումով,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավագ Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ՝ այս տարի կոնյակի եւ գինու արտահանման աճ կա: Մեծ մասն արտահանվում է ԵԱՏՄ շուկա և շատ էժան:
Asekose.am-ի թղթակցի հարցին՝ ո՞րն է եվրոպական երկրներ չարտահանելու պատճառը, Հայաստանի գինեգործների միության նախագահը պատասխանեց.
«Եվրոպական երկրներ գինի և կոնյակ հիմնականում հայկական սփյուռքի համար ենք արտահանում: Եվրոպացիները չեն օգտագործում հայկականը մի քանի պատճառով: Առաջ որակն էր, քանի որ ծանոթ չէին, կարծում էին, որ վատն է, այժմ խնդիրը գինն է: Եվրոպական երկրներում այն 7-8 եվրո է կազմում: Առավելագույնը 15 եվրո է: Մենք չենք կարողանում մրցել 6 կամ 2 եվրո արժողությամբ գինու հետ, որն առկա է եվրոպական շուկայում: Եվրոպացի սպառողը նախընտրում է 2.5-3 եվրո արժողությամբ իրեն հասկանալի գինին, քան 10 եվրո արժեքով անծանոթը: 15 եվրոյի դեպքում բարձր որակ ու ճանաչելիություն է պետք: Հայաստանը շատ մեծ գործ ունի անելու, որպեսզի գինին ճանաչելի դառնա»:
Ավագ Հարությունյանն անդրադարձավ նաև կոնյակ բառի չգործածման խնդրին՝ մանրամասնելով.
«Կոնյակի հետ կապված խոսակցություններ վաղուց են եղել: 1890թ.Ֆրանսիան դիմեց Ռուսաստանին՝ կոնյակ բառը չօգտագործելու համար, բայց մերժում ստացավ:
1905 թվականին, երբ փոխվեց Ֆրանսիայի օրենսդրությունը, էլի դիմեցին ու մերժում ստացան: Այն ժամանակ այսպես էր՝ «Կովկասյան կոնյակ», «Ղրիմի կոնյակ» և այլն: Նույնը ԽՍՀՄ-ն արեց.ասաց, որ չի ընդունում միջազգային նորմերը:
1933 թվականից հետո էլ Եվրոպան ուղղակի արգելեց կոնյակ բրենդով Սովետական Միության ապրանքների մուտքը եվրոպական շուկա: Սովետական Միության կառավարությունը խնդիր դրեց, որ յուրաքանչյուր արտադրող երկիր մտածի իր անունը: Պետք է կցեին աշխարհագրական անունը: Հայերն ընտրեցին Արարատը, որն ամրագրվեց 1959 թվականից: Ունեինք «Արարատ բրենդի Նաիրի»,«Արարատ բրենդի Դվին» և այլն: Այսպես շարունակվեց մինչև 1972 թվականը: Այսինքն՝ դեռ 25 տարի մենք ներքին շուկայում իրավունք ունենք օգտագործել «կոնյակ» բառը, մինչև հայ կոնյակ արտադրողները նոր բրենդ մտածեն»:
Անի Կարապետյան


