▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե փակում եմ կյանքի որևէ էջ, այլևս չեմ վերաբացում այն. Սյուզի

Armlur.am-ը գրում է. Երգչուհի Սյուզին տևական ժամանակ էկրաններին չերևալուց հետո հեռուստադիտողներին ներկայացավ բոլորովին նոր` «Աջ թե ձախ» նախագծում, որի շրջանակներում ինքն ու դերասան Դավիթ Թադևոսյանը շրջագայում են տարբեր երկրներում: Սյուզին կայքին պատմել է իր ճամփորդությունների, կադրից դուրս գրանցվող հետաքրքիր դեպքերի մասին: Նա խոսել է երգարվեստ վերադառնալու հնարավորության շուրջ, անդրադարձել նաև անձնական կյանքին:

Սյուզի՛, «Աջ թե ձախ» հեռուստանախագիծը Ձեզ ինչո՞վ գրավեց, արդեն ո՞ր երկրներում եք հասցրել նկարահանումներ անել: 

Բավականին երկար մտածելուց հետո համաձայնությունս տվեցի առաջարկին: Բանն այն է, որ յուրաքանչյուր առաջարկ ընդունելուց առաջ հաշվի եմ առնում` արդյոք իմ տեսակին համապատասխանում է ձևաչափը, թե ոչ: Առաջին երկիր մեկնելուց և վերադառնալուց հետո ամբողջովին համոզվեցի, որ ճիշտ եմ վարվել: Ճամփորդելն ինձ համար նշանակում է ապրել: Մանկուց ճամփորդում եմ ու աշխարհի շատ տարբեր երկրներում եմ եղել, բայց հաղորդման շրջանակներում մեկ այլ հետաքրքիր հոգեվիճակ է փոխանցվում: Կարծում եմ` ամենատպավորիչ երկիրը Հորդանանն էր, երևի այն ենթագիտակցորեն կապում եմ Հիսուսի՝ Հորդանան գետում մկրտվելու հետ, որտեղ ես ևս մկրտվեցի:

Դերասան Դավիթ Թադեւոսյանի հետ հետաքրքի՞ր է աշխատել, ի՞նչ հիշարժան, գուցե զվարճալի միջադեպեր են գրանցվում Ձեր համատեղ աշխատանքում:

Առհասարակ, մեր ողջ թիմի հետ է հետաքրքիր աշխատելը: Անչափ սիրում եմ մեր թիմը: Բոլորին հասցրեցի կարճ ժամանակահատվածում գնահատել: Դավիթն, անկասկած, տաղանդավոր դերասան է: Ինչ վերաբերում է միջադեպերին, ասեմ Ձեզ, որ, օրինակ` Մոնտենեգրոյում, առհասարակ, չգիտեն, թե ինչ է խորովածը և թե ինչպես է այն պատրաստվում: Մի օր էլ, հերթական նկարահանումներից հետո, գրեթե լուսադեմին, երբ բոլորս մահանում էինք հոգնածությունից, մեր տղաները որոշեցին միս գնել և մոնտենեգրացի մեր ընկերներին խորոված հյուրասիրել: Դավիթն անմահական համեղ խորոված պատրաստեց, ու մենք մեծ սեղան նստեցինք, և սեղանն աստիճանաբար մեծանում էր, քանի որ մարդիկ ավելանում էին: Հենց այդպես էլ լուսացրինք այդ օրը (ծիծաղում է): 

«Աջ թե ձախ»-ի շրջանակում արված մի քանի լուսանկարի հրապարակումից հետո շատերը նկատեցին, որ Դուք քթի պլաստիկ վիրահատություն եք արել, այդպե՞ս է: 

Բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ կոնտուրային շպարի միջոցով՝ լույսի ու ստվերի ճիշտ համադրությամբ, կարող ես ընդգծել կամ թաքցնել դեմքի առավելություններն ու թերությունները: Կոնտուրային շպարի աստվածուհին Քիմ Քարդաշյանն է, և  այն բոլոր աղջիկները, ովքեր ցանկանում են, որ քիթն ավելի նեղ երևա, իսկ այտոսկրերն ավելի ընդգծված, կարող են ուսուցողական տեսանյութեր դիտել կամ լավ դիմահարդարի դիմել, ինչպես ես:

Շուրջ 4 տարի է` էկրաններին չէիք երևում, չէի՞ք կարոտել էկրանը, երգչուհու կարիերան էլ չի ձգո՞ւմ: PanArmenian Media Group-ի միջազգային հարաբերությունների մասնագետ լինելով` գրասենյակային կյանքից երբեմն չե՞ք հոգնում:  

Սիրահարված եմ աշխատանքիս: Երբեմն զարմանում եմ, թե ինչպես այսքան արագ անցան տարիները: Ինքս ինձ էկրաններից իզոլացնելը քաջ գիտակցել եմ և չեմ փոշմանում: Կարծում եմ` հաղորդումից հետո երգարվեստ ևս կվերադառնամ:

Հնարավո՞ր է` մի օր «Հայք» խմբի հետ կրկին հանդես գաք, հիթային ստեղծագործություններ ծնվեն…

Ո՛չ: Եթե փակում եմ կյանքի որևէ էջ, այլևս չեմ վերաբացում այն:

Հայկական երգարվեստի ներկայացուցիչների հետ կապը պահո՞ւմ եք, վերջին տարիներին նրանցից մի տեսակ առանձնացած չե՞ք:

Սիրելիներս նույնն են: Ոչինչ չի փոխվել: «Հայաստանի ձայնը» նախագիծն իրականացնող խմբի մեջ լինելով` ավելի հաճախ էի շփվում արտիստների հետ, քան երբ երգարվեստում էի, և համատեղ համերգներ էինք ունենում:

Մի առիթով նշել եք` դժվար է համաձայնել, որ երկրորդ մարդ ներխուժի քո անձնական կյանք…Ինքներդ վախենո՞ւմ եք այդ «ներխուժումից»: Մտածում եք, որ կարող եք կորցնե՞լ Ձեր ազատությունը, մենությունը…

Մենակ լինելը չի նշանակում, որ դուք ոչինչ չգիտեք սիրո մասին, այլ չափազանց շատ բան գիտեք և համբերատար սպասում եք: 

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее