▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մարդիկ ֆիլմը դիտեն ու հուզվեն, ուրեմն ես ճիշտ եմ կատարել աշխատանքս. Տաթև Հովակիմյանը` «Երկրաշարժ» ֆիլմի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ կայացավ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան: Հայ-ռուսական արտադրության այս ֆիլմը նկարահանվել է 2015-ին, այն պատմում է 1988թ-ի Գյումրիի երկրաշարժի մասին:

Ֆիլմի դերասանական կազմում են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Վիկտոր Ստեփանյանը, Տաթեւ Հովակիմյանը, Հրանտ Թոխատյանը, Իրինա Բեզրուկովան, Միքայել Պողոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Ջանիբեկյանը, Արմեն Մարգարյանը, Արսեն Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հասմիկ Ալեքսանյանը, Արեւիկ Մարտիրոսյանը եւ այլք:

Ֆիլմի նկարահանումների եւ արդեն իսկ արձագանքների մասին խոսել ենք երիտասարդ դերասանուհի Տաթեւ Հովակիմյանի հետ:

«Այն մարդկանցից եմ, ով չափից ավելի ռեալ ու ինքնաքննադատ է, սակայն սա այն ֆիլմերից է, որտեղ ես որեւէ քննադատություն չունեմ (Խոսքն, իհարկե, ֆիլմի մասին է, քանի որ ինքս ինձնից երբեք գոհ չեմ լինում): Ֆիլմը շատ ստացված է, ու սա ասում եմ ոչ թե որպես դերասան, այլ որպես դիտող: Գիտեք, դերասանի համար շատ դժվար է հետո իր կատարած աշխատանքը էկրանին տեսնել, քանի որ այդ պարագայում, դերասանը չի կարողանում ուղղակի որպես հանդիսատես նայել: Նույն կերպ երեկ` ես նայում էի շուրջս ու տեսնում էի, թե ինչպես է հանդիսատեսը հուզվում, լաց լինում, իսկ ինձ մոտ ռեակցիաներս կարծես խլացած էին, քանի որ ողջ դիտման ընթացքում ես հիշում էի նկարահանման ընթացքը»,- նշեց Տաթեւ Հովակիմյանը:

Դերասանուհին ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհիներից մեկին, ով երկրաշարժի ժամանակ մնում է փլատակների տակ, սակայն նրա խոսքով` սխալ է այս դեպքում առանձնացնել գլխավոր ու երկրորդական կերպարների.

«Ես ու Մարինա Միրոնովան մարմնավորում էինք ֆիլմի գլխավոր հերոսուհիներին, բայց ըստ իս, այս ֆիլմում սխալ է տարանջատել գլխավոր ու երկրորդական հերոսների, քանի որ ներկայացված է մի քանի ճակատագրեր: Չեմ սիրում խոսել իմ կերտած կերպարների մասին, փոխարենը սիրում եմ մարդկանցից լսել նրա մասին. Ես արդեն արել եմ այն, ինչ արել եմ, եթե մարդիկ ֆիլմը դիտեն ու հուզվեն, զգան այն ցավը, որ աղջիկը փլատակների տակ է, ուրեմն ես ճիշտ եմ կատարել աշխատանքս, իսկ եթե չունենան այդ զգացողությունները, կնշանակի ես սխալվել եմ»:

Տաթեւ Հովակիմյանի խոսքով` Սարիկ Անդրեասյանի ֆիլմերի սիրահար չի եղել զուտ ժանրից ելնելով, սակայն որպես մարդ ու ռեժիսոր հասցրել է շատ սիրել նրան.

«Ես շատ հպարտ եմ, որ աշխատեցի Սարիկի հետ, շատ հաճելի է համագործակցել մի մարդու հետ, ով անցած ճանապարհ ունի: Ի դեպ, պետք է նշեմ նաեւ երկրորդ ռեժիսորին` Ալեքսանդր Սումայարին, ով ֆանտաստիկ մարդ է»,- նկատեց նա:

Տաթեւ Հովակիմյանը միշտ երազել է խաղալ Կոնստանտին Լավրոնենկոյի հետ,  այս ֆիլմի միջոցով կատարվել է երազանքը.

«Տարիներ առաջ, երբ Լավրոնենկոյի ֆիլմերն էի նայում, ասացի` մի օր նրա հետ նկարահանվելու եմ: Դա ասում էի կիսակատակ տոնով ու չէի էլ պատկերացնում, թե  ինչպես է այդ ցանկությունս կատարվելու: Արի ու տես, որ ճանապարհներն ինքստինքյան են քեզ գտնում: Հիմա արդեն նոր անուններ եմ տալիս, կարծես թե այն, ինչ ասում եմ, կատարվում է»,- ծիծաղելով ասաց Տաթեւը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее