«Սթրեսը մեր կյանքից անպակաս է, ինչպես ասում են՝ համն ու հոտն է: Եթե մարդը սթրես չունի, պետք է ստուգի՝ ո՞ղջ է, թե՝ մեռած»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:
Նրա խոսքով՝ սթրեսները երկու մասի են բաժանվում՝ դրական ու բացասական:
«Դրական սթրես է օրինակ՝ երեխայի ծնունդը կամ տոների մոտենալը, աշխատավարձի բարձրացումը: Բացասական է ինչ-որ մարդու կորուստը, հիասթափությունը, հիվանդությունը և այլն: Դրանք ազդում են 5 ոլորտի վրա. հուզական, իմացական, վարքային ռեակցիա, հոգևոր արժեքներ: Մեր ժողովուրդն ապրում է խրոնիկական սթրեսի պայմաններում՝ բազմաթիվ պատճառներով»,-նշեց հոգեբանը:
Asekose.am-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ ասել է խրոնիկական սթրես, Խաչատուր Գասպարյանը պատասխանեց.
«Դրանցից մեկը Հայոց ցեղասպանության տրավման է, որը սերնդից սերունդ է փոխանցվում: Դա շատ ակտուալ թեմա է հայ ժողովրդի կենսակերպում: Ձեր պապերը ինչ չեն հասցրել՝ ձեզ են փոխանցել, դուք էլ եթե չկարողանաք ձեր նպատակին հասնել՝ ձեր սերունդներին կփոխանցեք: Չավարտված տրավմա է»:
Անի Կարապետյան


