Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է դերասանուհի Էմմա Մանուկյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում:
«Նոր հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացա պրոդյուսեր Ելենա Արշակյանից ու անմիջապես հաճույքով համաձայնեցի, քանի որ շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ դերասանական կազմ է հավաքված, նաեւ սցենարն ու կերպարս ինձ հետաքրքրեց: Մարմնավորում եմ մեկին, ով ունի դժբախտ պատմություն ու անասելի բարեհոգի է»,- նշեց Էմման ու շարունակեց խոսել իր հերոսուհու մասին.
«Արեւիկը մի աղջիկ է, ով տարիներ առաջ գլխավոր հերոսի պատճառով կորցրել է Բշժկական համալսարանում սովորելու հնարավորությունը, չնայած նրան, որ կուրսում իր առաջադիմությամբ ամենափայլողն է եղել: Միաժամանակ, լինելով կոչումով բժիշկ, Արեւիկը չի կարողացել հեռու լինել այդ ոլորտից ու որպես բուժքույր է սկսել աշխատել: Իր համար, իհարկե, շատ տխրեցնող փաստ է, որ իր մտերիմ համակուրսեցիները բժիշկներ են դարձել, իսկ ինքն ընդամենը` բուժքույր: Արեւիկն իր բարությամբ վնասում է իրեն, նա մի կողմ է դրել իր անձնական կյանքն ու նվիրվել է իրեն շրջապատողներին: Ունի հիվանդ մայր, ում խնամքով ջանասիրաբար զբաղվում է ու մոռացել ինքբ իրեն, թեեւ գլխավոր հերոսի նկատմամբ ունի շատ խորը սեր»:
Կերպարային առանձնահատկությունից խոսելով` Էմման նշեց, որ իր համար մեծ տարբերություն ու նախապատվություն չի տալիս դրական կամ բացասական հերոսներին.
«Ես երբեք կերպարներս չեմ բաժանում դրականների ու բացասականների, ես ուղղակի ներկայացնում եմ մարդկային տեսակներ` իրենց լավ ու վատ կողմերով: Իմ Արեւիկին էլ եմ այդպես մոտեցել, փորձում եմ գտնել նրա թե լավ, թե վատ կողմերը: Առհասարակ, կարծում եմ` գլխավորը անկեղծությունն է, եթե դերասանը անկեղծ խաղա, ուրեմն կերպարն անկախ իր բնավորությունից կընդունվի հեռուստադիտողի կոմղից: Նաեւ փորձում եմ իմ կերպարներին գտնել իմ մեջ ու այս անգամն էլ բացառություն չէ»,- հավելեց դերասանուհին:
Խոսելով անձակազմի մասին` Էմման նկատեց.
«Ռեժիսոր Գուրգեն Սարգսյանը շատ տաղանդավոր մարդ է: Լինելով նաեւ դերասան` նա շատ է մեզ օգնում կերպարները ճիշտ մարմնավորելու հարցում: Առհասարակ` ռեժիսոր-դերասանի հետ աշխատելը դերասանի համար շատ արդյունավետ է: Նվիրված թիմ ունենք, իսկ Սամվել Սարգսյանի հետ խաղալն ուղղակի հաճույք է, նրանից կարելի է դասագրքի նման սովորել»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում