«Գյուղացին իր հոգսերի հետ մենակ է մնացել: Եթե ազնիվ լինի Կառավարությունը, ապա ոռոգման ջուրը կարող է 11 դրամից դառնալ 7 դրամ, մենք ունենք հաշվարկներ: Ջուրը մեկ դրամով պետությունը վաճառում է ներտնտեսային ցանցերին, որոնք 10 դրամ ավելացնելով վաճառում են գյուղացուն ու գերշահույթ են ստանում: Եթե մրցույթ հայտարարեն՝ ամենաբարձր գինը 7 դրամ կլինի: Ինչ վերաբերում է դիզվառելիքին, որ իբր թե գյուղացուն էժան տրամադրեն, թող գինը նույնը թողեն, բայց ոռոգման ջրի հարցը լուծեն»,-նման առաջարկ լրագրողների հետ արեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Նրա հետ համամիտ էր ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ում խոսքով՝ ոչ միայն ջրի գնի, այլև մատակարարման խնդիր կա:
Ինչ վերաբերում է ներկրվող սերմերին ու գեոմոդիֆիկացված մթերքներ ստանալուն՝ Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց.
«Մենք Մասիսում ունենք կայան, ի վիճակի ենք վերարտադրել տեղական սերմեր: Չեմ կարծում, որ դրսից բերվող սերմերը լավն են, չէ՞ որ կա բիզնես հասկացողությունը: Պետք է այնպես անել, որ գյուղացին վնաս չկրի: Արդեն ձևավորվում են ֆերմերային տնտեսություններ: Գյուղնախարարությունն ամեն ինչ պետք է անի, որ նրա արտադրանքը հասնի շուկա: Օրինակ՝ ամեն մի շենքի դիմաց ժամանակավոր փոքրիկ կրպակներ կարող են լինել, որտեղ կվաճառվի էկոլոգիապես մաքուր, թարմ մթերք: Գյուղացուն հիմա շատ խորհրդատվություն է անհրաժեշտ»:
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Ադրբեջանցիներին անակնկալ է սպասվում.Ճոյտը խաղաղության կոչով ֆիլմն է տանում այնտեղ


